Արտակ Զեյնալյանն անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականի խոսակցություններին

Armenpress 15:35, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր դատախազը ընտրման մեխանիզմ ունի և Արդարադատության նախարարությունը չի կատարելու որևէ գործողություն, որը հակասելու է իշխանությունների տարանջատման սկզբունքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ դատախազի հրաժարականը պահանջելու հետ կապված լրագրողների հարցին ի պատասխան նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Գլխավոր դատախազը ընտրման մեխանիզմ ունի, և մենք որևէ գործողություն չենք կատարելու, որը հակասելու է իշխանությունների տարանջատման սկզբունքին»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի գրավման գործով մեղադրյալների ազատ արձակման լրագրողների հարցին նախարարը նշեց, որ մարդիկ պետք է հաշվի առնեն, որ իրականացնելով բողոքի ակցիաներ նաև կարող են միջամտել այլոց իրավունքներին և ազատությանը:

«Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ հայտարարվեց և նաև հարցազրույցով հանդես եկավ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝  նշելով, որ  ամենաթողության մթնոլորտը կարող է կործանել երկիրը: Յուրաքանչյուրը պետք է հաշիվ տա իրեն և իր գործողություններն այնպես անի, որ չվնասի ընդհանուր շահը: Այս հեղափոխությունը բացառիկ հեղափոխություն է, և յուրաքանչյուրս պատասխանատու ենք դրա համար: Եթե մեր մտքով ինչ-որ բան է անցնում` պետք է չբացառենք, որ դա կարող է հակասել ուրիշի կարծիքներին, և դա պետք է օբյեկտիվության սահմաններում քննվի և լուծում ստանա»,- շեշտեց նա:

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով մեղադրյալների աջակիցները մայիսի 16-ից փակել էին Արշակունյաց պողոտան, երբ դատարանը մերժել էր ամբաստանյալների կալանքը որպես խափանման միջոց փոխելու միջնորդությունը: Նրանք, սակայն, մայիսի 17-ին հետևեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին և բացեցին Արշակունյաց պողոտան: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am