Թանգարանային գիշերվան կմիանա նաեւ Սեւան քաղաքի «Բոհեմ» արվեստանոց- թեյարանը

Armenpress 13:42, 18 Մայիս, 2018

ԳԱՎԱՌ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի Գեղարքունիքի մարզում գործող թանգարանների թվում «Թանգարանային գիշերվա» միջոցառումների մասնակիցների մեջ կընդգրկվի Սեւան քաղաքում գործող «Բոհեմ» արվեստանոց-թեյարանը, որը թեեւ դեռ չի բոլորել իր գործունեության մեկ տարին, սակայն հասցրել է դառնալ հանգստի, ժամանցի, շփումների, հանդիպումների եւ մշակութային երեկոների սիրելի ու սպասված վայր ոչ միայն սեւանցիների, այլ նաեւ Սեւան ժամանող հյուրերի եւ զբոսաշրջիկների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը, «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում գործում է նաեւ Հուշանվերների թանգարան: Այն իրենից ներկայացնում է եզակի մի վայր Հայաստանում, որտեղ կարելի է ծանոթանալ, թե տարբեր ժամանակներում մարդիկ միմյանց ինչ են նվիրել, ինչ սովորություններ են ունեցել, ինչ ճաշակ եւ աշխարհայացք. այն նպատակ ունի բացահայտելու մեր կենցաղային մշակույթի դրսևորումները:«Մինչ «Բոհեմ»-ի պաշտոնական բացումը՝ մի քանի ամիս իրականացվում էր հուշանվերների հավաքման գործընթացը: Արվեստանոց-թեյարանի բացումից հետո էլ թանգարանը հարստանում է գրեթե ամեն օր, ավելանում են նոր ցուցանմուշներ: «Սեւան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից բացված «Բոհեմ»-ում գործող թանգարանը զբաղեցնում է ոչ շատ մեծ տարածք, ցուցանմուշներն այնքան կշատանան, որ կունենան առանձին շինությամբ թանգարանի շենք: Մինչ թանգարանի առանձին շենք ունենալը, կարեւորելով թանգարանների դերը, դրանց ճանաչողական, մշակութային արժեքը, բոհեմականները միանում են «Թանգարանային գիշերվան»: Հուշանվերների թանգարանը մեր հպարտությունն է, եւ յուրաքանչյուր ցուցանմուշ, հուշանվեր-նվիրատվություն իր տեղն ունի, իր պատմությունը: Այդ ամենը սիրով ներկայացնելու ենք մեր հյուրերին եւ այցելուներին: Մայիսի 20-ը մեզ մոտ հայտարարված է թանգարանային օր, հրավիրում ենք բոլորին «Բոհեմ»` տեսնելու մեր հավաքածուն, լսելու հետաքրքիր պատմություններ, անցկացնելու մշակութային հաճելի երեկո»,-ներկայացրեց Արմինե Ղուկասյանը:«Թանգարանային գիշերվան» Սեւան քաղաքում միանալու է նաեւ «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ կազմում գործող բնապահպանական թանգարանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am