Արմավիրի հիվանդանոցներում բուժում է ստանում թունավորմամբ հոսպիտալացված 28 հիվանդ 

Armenpress 12:53, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արմավիրի մարզում արձանագրված թունավորման հետևանքով հոսպիտալացված 80 հիվանդից ժամը 12:00 դրությամբ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում բուժումը շարունակում են 28-ը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին առողջապահության նախարարությունից, բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները մայիսի 17-ի սննդային թունավորման ախտանիշով դիմել են հիվանդանոցներ։ Հոսպիտալացվածները անհրաժեշտ բուժում են ստանում Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում: Արձանագրված զանգվածային թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի է հոսպիտալացվել: 

 Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 277-րդ (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը) հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ` թունավորման պատճառը պարզելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am