1000х90.jpg (78 KB)

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ քննարկվել են քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը կազմակերպելու հարցերը

Armenpress 20:15, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ մայիսի 17-ին տեղի է ունեցել հրատապ աշխատանքային հանդիպում մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների և մասնագետների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների հետ կապված հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում և դրանց լուծման կարճաժամկետ ու երկարաժամկետ ուղիները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակից, մասնակիցները պատրաստակամություն են հայտնել համախմբել իրենց ուժերը՝ քաղցկեղով հիվանդ երեխաների համապատասխան բուժման կազմակերպումը շարունակելու նպատակով: Սա, մասնավորապես, նշանակում է, որ Հայաստանի կլինիկաներում բուժվող մանկական քաղցկեղով հիվանդները կստանան անհրաժեշտ բուժումը, և բուժող բժիշկներն ու օգնության կարիք ունեցող մանկական քաղցկեղով հիվանդները կարող են դիմել հիմնադրամներին՝ անհրաժեշտ օգնության կազմակերպման համար:

Բացի այս պահին առկա հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելուց, հիմնադրամները համատեղ կաշխատեն նաև ոլորտի առողջացման ու երկարաժամկետ ծրագրերի մշակման ուղղությամբ:

Այս նպատակով, խորհրդակցության արդյունքում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կղեկավարի Աննա Հակոբյանը: Աշխատանքային խմբի կազմում են մանկական ուռուցքաբան, արյունաբան Սամվել Դանիելյանը, «Օգնեմ» հիմնադրամի նախագահ Էդգար Գյանջումյանը, «Առողջության Կամուրջ» հիմնադրամի նախագահ Անահիտ Բարսեղյանը, «Ֆոնդ100» հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը և հոգաբարձուների խորհրդի անդամ Լուսինե Բադալյանը, «Մենք ենք» հիմնադրամի նախագահ Սոնա Ազարյանը, «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Սարգսյանը և մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը: Աշխատանքային խումբը բաց է համագործակցության և առաջարկությունների համար, և ցանկացողները կարող են կապ հաստատել վերը նշված հիմնադրամների ու անհատների հետ:

Մոտակա շաբաթներին աշխատանքային խումբը կներկայացնի ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզը: 

«Անհրաժեշտ է նաև նշել, որ մանկական քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը պահանջում է բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներ և մեր բոլորի՝ նույնիսկ աննշան թվացող աջակցությունը կարող է բերել մեծ արդյունքների: Եթե բոլորս միավորենք մեր ուժերը, ապա կկարողանանք ոչ միայն լուծել մանկական քաղցկեղով երեխաների խնդիրը, այլև քաղցկեղով բոլոր հիվանդների համար ապահովել արժանապատիվ և ժամանակակից բուժում:

Եվ ուրեմն՝ ի գործ:

Ստորև ներկայացվում են հիմնադրամների կոնտակտային տվյալները.

«Առողջության Կամուրջ» հիմնադրամ - www.bridgeofhealth.org

«Մենք ենք» հիմնադրամ - www.menqenq.com

«Օգնեմ» հիմնադրամ - www.ognem.am

«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամ - www.cityofsmile.org

«Ֆոնդ100» հիմնադրամ -www.f100.am»,- նշված է Աննա Հակոբյանի գրասենյակի տրամադրած հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am