Սիսիանում քննարկվել է Համայնքային ծառայողների վերապատրաստման հայեցակարգի նախագիծը

Armenpress 18:46, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանում մայիսի 17-ին անցկացվել է Համայնքային ծառայողների վերապատրաստման հայեցակարգի նախագծի քննարկում, որին մասնակցել են Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչական վերահսկողության և համայնքային ծառայության վարչության պետ Արա Ռոստոմյանը,Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) խորհրդատու Արմեն Քեշիշյանը, ԳՄՀԸ կողմից ներգրավված փորձագետ Տիգրան Գրիգորյանը, ինչպես նաև աշխատանքային խմբի մեջ ներգրավված նախարարության և տարբեր համայնքապետարանների մի շարք աշխատակիցներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի ընթացքում ներկայացվել է հայեցակարգի նախագիծը, աշխատանքային խմբի անդամների կողմից արվել են առաջարկություններ, հնչել`դիտողություններ: Համաձայնություն է ձեռք բերվել սեղմ ժամանակահատվածում հայեցակարգի նախագիծը վերջնական տեսքի բերելու և գործողությունների հետագա քայլերը նախանշելու ուղղությամբ

Աշխատանքային խումբը ստեղծվել է Գերմանիայի միջազգային համագործակցության  ընկերության «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և օժանդակությամբ: 2017թ.-ին նշյալ ծրագրի փորձագիտական և ֆինանսական աջակցությամբ իրականացվել է «Գույքագրման վերլուծություն» և մշակվել «Վերապատրաստման կարիքների գնահատում» հետազոտությունը: Այս աշխատանքներին ուղղակի և գործուն մասնակցություն են ցուցաբերել աշխատանքային խմբի անդամները: Աշխատանքներն իրականացվել են փորձագիտական խմբի կողմից՝ Ուլլա Պուրգայի և Տիգրան Գրիգորյանի փորձագիտական աջակցությամբ, ովքեր և հեղինակել են վերոնշյալ աշխատությունները: Այս աշխատանքների արդյունքները, հաշվետվությունները և դրանցից բխող հետագա քայլերն ու խնդիրները շահագրգիռ կողմերին են ներկայացվել 2017թ.-ի հուլիսի 12-ին Երևանում անցկացված աշխատաժողովին:

ԳՄՀԸ ծրագիրն ընթացիկ տարում աշխատանքային խմբին աջակցում է «Համայնքային ծառայողների վերապատրաստման հայեցակարգը» մշակելու ուղղությամբ: Հայեցակարգի մշակումը նախատեսված է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարեկան գործողությունների ծրագրով: Հայեցակարգի մշակմանն ուղղված գործողությունները քննարկվել և հաստատվել են ՏԿԶՆ և ԳՄՀԸ միջև համաձայնեցված «2018թ.-ի տարեկան գործողությունների ծրագրով»: Աշխատանքային խմբի մեկնարկային նիստը կայացել էր ՏԿԶՆ-ում 2018թ.-ի մարտի 29-ին: Սիսիանում այսօր անցկացվել է երկրորդ նիստը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am