«Հորիզոն-2020»-ին մասնակցությունը թույլ կտա իրականացնել համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններ. ԿԳ նախարար

Armenpress 18:22, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց Կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը և փոփոխություններ ու լրացումներ կատարել ՀՀ 2018 թ. պետբյուջեում:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ծրագրում մասնակցության յուրաքանչյուր տարվա համար Հայաստանը պարտավորվում է ֆինանսական ներդրում կատարել ՀՀ և ԵՄ համախառն ներքին արդյունքների համամասնությամբ սահմանված գործակցի չափով:

«Ծրագրին մասնակցությունը հնարավորություն է տալիս հանրապետության կազմակերպություններին մաս կազմելու համաշխարհային մակարդակի գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացմանը, ղեկավարելու այդպիսի խնդիրների լուծմանն ուղղված գիտական միջազգային համագործակցություններ, ինտեգրվելու Եվրոպական հետազոտական և նորարական տարածք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ այդ կազմակերպությունների համար հասանելի է դարձվում ժամանակակից գիտական ենթակառուցվածքները և կարող է դառնալ նաև լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am