Կասպշիկը Զոհրաբ Մնացականյանին է ներկայացրել Փարիզում Մամեդյարովի հետ հանդիպումների արդյունքները

Armenpress 17:28, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 17-ին ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։

Դեսպան Կասպշիկը շնորհավորեց նախարար Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց իր առաքելության մեջ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Հայաստանի ԱԳ նախարարին ներկայացրեց Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումների արդյունքները։

Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ այս առումով կարևորելով նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը։

Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա աշխատանքային ծրագրերին։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am