Արմեն Աշոտյանը իրադարձությունների զարգացման ռիսկային երեք սցենար է առանձնացնում

Armenpress 16:49, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը առանձնացնում է իրադարձությունների զարգացման ռիսկային երեք սցենար, որոնցից այս օրերին պետք է խուսափել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ առաջին վտանգը, որ տեսնում  է երկրում, անարխիան է: Նա նկատեց, որ այս մտահոգությունը կիսում է նաև գործող իշխանությունը:

«Երկրորդ վտանգը, որը դրա հակընդդեմ վտանգն է, չափից ավելի մեծ ավտորիտար ճանապարհով գնալու գերկարգավորումների դաշտով քաղաքական այլախոհությունը սահմանափակելու կամ ճնշելու: Այս ճանապարհը նույնպես ռիսկային է: Այսօր տեսնում եմ հանրային-քաղաքական քննարկումների դիսկուրսում այն կարծիքների նկատմամբ անհանդուրժողականություն, որոնք չեն համապատասխանում գործող իշխանությունների կամ իրենց ղեկավարի կարծիքների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Արմեն Աշոտյանը:

Երրորդ վտանգը Արմեն Աշոտյանը համարում է Հայաստանի համար պոպուլիզմի վտանգավոր այն աստիճանը, որը կարող է էրոզիայի ենթարկել պետական մարմինների գործունեությունը: «Ես այս երեք վտանգներն եմ տեսնում: Չեմ ասում, որ դրանք արդեն ամբողջությամբ տեսանելի են: Եթե տեսանելի լինեին, դուք էլ կտեսնեիք: Սա իմ քաղաքական կանխատեսումներից է, որտեղ ես կցանկանամ սխալված լինել»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանը հույս հայտնեց, որ իշխանությունները հնարավորինս հեռու կմնան իր մատնանշած ռիսկային սցենարներից: Նրա խոսքով` այս պարագայում խորհրդարանական ընդդիմության կարևորագույն գործառույթներից է քաղաքական բազմակարծության ապահովումն է, խնդիրների մասին բարձրաձայնելն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am