1000х90.jpg (78 KB)

Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի համերգը հագեցած կլինի 3D անիմացիոն աննախադեպ տեխնիկայով

Armenpress 16:44, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված խոշոր համերգային ծրագրում ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Մարաթուկ» համույթը, երգչախումբը, Կամո Սեյրանյանը, Սևակ Խանաղյանը, Սիրուշոն, Ռազմիկ Ամյանը, Գոռ Սուջյանը, Արտո Թունջբոյաջյանն ու Հելեն Սեգարան: Համերգը կանցկացվի մայիսի 28-ին Հանրապետության Հրապարակում:

Միջոցառման կազմակերպման համար հատկացված պետական միջոցների օգտագործման թափանցիկության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է համերգի կազմակերպիչ «Մեցցո» ընկերության տնօրեն Անի Սաղոյանի հետ:

«Ինչպես պետական ֆինանսավորմամբ իրականացվող ցանկացած միջոցառում, այնպես էլ այս համերգային ծրագիրը գտնվում է ՀՀ ֆինանսների նախարարության ենթակայության տակ: Գուցե առաջին հայացքից 421 միլիոն դրամը շատ մեծ գումար է թվում, սակայն Հայաստանում իրականացված մի շարք պետական միջոցառումների համար տրամադրված գումարների համեմատ այն այնքան էլ խոշոր չէ հատկապես մեծամասշտաբ համերգային ծրագիր իրականացնելու համար: Հավանաբար, ոչ ոք չի նշում, բայց գումարի մեծ մասը հարկային պարտավորությունների համար է վճարվում և ակամայից վերադառում պետական բյուջե»,-շեշտեց Սաղոյանը:

Նա ընդգծեց, որ համերգային ծրագրում մտածված է յուրաքանչյուր ելույթ և դետալ: Ծրագիրը հագեցված է ձայնային, լուսային, 3D անիմացիոն աննախադեպ տեխնիկայով և սցենարային լուծումներով, որոնք հնարավորություն կտան տեղափոխվել անցյալ՝ 1918 թվական, տեսնել ներկան ու ոգեշնչվել՝ կառուցելու ապագան:

Հանրապետության հրապարակում Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված համերգի կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացվել է 421 մլն դրամ: Վերջինս իր հերթին միջոցները նվիրաբերության մասին պայմանագրի հիման վրա տրամադրել է «Մեցցո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am