1000х90.jpg (78 KB)

ՀՀ վարչապետը «Ռենկո»-ի գլխավոր գործադիր տնօրենի հետ քննարկել է նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը

Armenpress 16:38, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Կողմերն անդրադարձել են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ջովաննի Ռուբինին նշել է, որ գրեթե 300 մլն դոլար գնահատվող ներդրումային ծրագրով նախատեսվում է 25-28 ամսվա ընթացքում կառուցել և շահագործման հանձնել 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայան: Ըստ պարոն Ռուբինիի՝ ներդրվելիք ժամանակակից համակարգերի արդյունքում հնարավոր կլինի արտադրել ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա: Ծրագիրն իրականացվելու է Siemens  ընկերության և միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ: «Պատրաստ ենք հնարավորինս արագ մեկնարկել ծրագրի իրականացումը: Շինարարության ընթացքում ակնկալվում է ստեղծել շուրջ 1000 նոր աշխատատեղ»,- ասել է «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը:  

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներդրումային ծրագրի իրականացումը և ընդգծել. «Մենք շահագրգռված ենք նոր ներդրումների ներգրավմամբ և աշխատատեղերի ստեղծմամբ, ուստի հետաքրքրված ենք ներկայացված նախագծով»: Վարչապետն առաջարկել է ծրագիրն առաջ մղելու աշխատանքները կոորդինացնել համապատասխան գերատեսչությունների հետ:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ ՀՀ կառավարության և իտալական ընկերության արդյունավետ համագործակցության արդյունքում հետագայում մեր երկրում կյանքի կկոչվեն նոր ներդրումային ծրագրեր:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am