ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները նոր նախարարից հանձնարարականներ են ստացել

Armenpress 12:08, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս 3 աշխատանքային օրերի ընթաքում տարբեր հանդիպումներ է ունեցել մշակույթի ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և ծանոթացել նրանց կողմից բարձրացված հարցերին և ոլորտներում առկա խնդիրներին:

Նախարարը նշեց նաև, որ նախարարի տեղակալներն ու աշխատակազմի ղեկավարն արդեն ներկայացրել են նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքները: «Սակայն ցանկություն ունեցա յուրաքանչյուրիցդ լսել ձեր ղեկավարած ստորաբաժանումներին վերապահված գործառույթների և ընթացիկ աշխատանքների մասին»,- հավելեց նախարարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի գործակալությունների, վարչությունների և բաժինների ղեկավարները նախարար Լիլիթ Մակունցին ներկայացրեցին իրեց ղեկավարած ստորաբաժանումների գործառույթներն ու դրանից բխող աշխատանքներն ու ընթացիկ հարցերը:

Նախարարը շնորհակալություն հայտնեց աշխատակիցներին իրենց ստորաբաժանումներին վերապահված աշխատանքները համապարփակ ներկայացնելու համար, համոզմունք հայտնելով, որ յուրաքանչյուրն իրեն վստահված աշխատանքը կատարում է բարեխղճորեն:

Այնուհետև, նախարարը հորդորեց և պահանջեց աշխատակազմից լինել առավել պատասխանատու, բարձրացնել աշխատանքների կատարման արդյունավետությունը և տվեց համապատասխան հանձնարարականներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am