ՀՀ ոստիկանապետը կարևորել է տարածքային ստորաբաժանումների ղեկավարության անձնական պատասխանատվությունը

Armenpress 20:10, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մայիսի 16-ին վարել է ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ կայացած գործնական պարապմունքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նախքան պարապմունքի թեմային անցնելը Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է ծառայության կազմակերպման, կատարողական կարգապահության ամրապնդման և մասնագիտական որակների բարելավման խնդիրներին:

Ոստիկանության պետը աշխատանքի արդյունավետության բարձրացման համատեքստում կարևորել է տարածքային ստորաբաժանումների ղեկավարության անձնական պատասխանատվության հարցը:

Գործնական պարապմունքի ընթացքում Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է նաև ծառայության մեջ կոռուպցիոն ռիսկերի, հանցագործությունները հաշվառումից թաքցնելու դեպքերի բացառման, ոստիկանության տարածքային բաժիններում անձնակազմի հետ աշխատանքի և բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման խնդիրներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am