ՀՀ ԱԳ փոխնախարար Քոչարյանը դասախոսել է Հելսինկիի համալսարանի ուսանողների առջև

Armenpress 19:38, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մայիսի 16-ին հանդես է եկել դասախոսությամբ Հայաստան ուսուցողական այցով ժամանած Հելսինկիի համալսարանի ուսանողների առջև: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը նշեց, որ այժմ Հայաստանը քաղաքական կարևոր փուլում է գտնվում: Շավարշ Քոչարյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և հիմնական ուղղությունները, տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների առնչությամբ Հայաստանի մոտեցումները, անդրադարձավ Հայաստանի երկկողմ հարաբերություններին և բազմակողմ հարթակներում համագործակցությանը: ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանը միշտ վարել է հայակենտրոն արտաքին քաղաքականություն, որի հիմքում, աշխարհագրական դիրքով և պատմական իրողություններով պայմանավորված, ընկած է եղել երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Շավարշ Քոչարյանը նաև ընդգծեց, որ հավասարակշիռ մոտեցումները միշտ հանդիսացել են ու կհանդիսանան Հայաստանի արտաքին քաղաքականության հենքը, ինչի մասին է վկայում տարբեր ինտեգրացիոն կառույցների հետ Հայաստանի արդյունավետ համագործակցության զարգացումը:

Պատասխանելով ուսանողների բազմաթիվ հարցերին՝ նախարարի տեղակալը ներկայացրեց ՀՀ սահմանադրական կարգի առանձնահատկությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը, անդրադարձավ անմիջական և տարածաշրջանային հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին»: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am