Համոզված եմ, որ նոր կառավարությունը հանձնառու կլինի ժողովրդավարական և բարեկեցիկ Հայաստանի կերտմանը. Բուլղարիայի վարչապետ

Armenpress 17:27, 16 Մայիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովը՝ մաղթելով նրան առողջություն և ամենայն հաջողություն իր պատասխանատու պաշտոնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:«Ես բարձր եմ գնահատում Ձեր ջանքերը` ուղղված նոր կառավարության ժողովրդավարական ձևավորմանը՝ հիմնված ազգային համաձայնության և բոլոր շահագրգիռ կողմերի հետ համապարփակ երկխոսության վրա: Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կայունության պահպանումն ու բարեփոխումների գործընթացի հետագա առաջընթացը կնպաստի երկրի բարեկեցությանը և Եվրոպայի համար մեծ կարևորություն ունեցող Կովկասյան տարածաշրջանի կայունությանը: Ես համոզված եմ, որ նոր կառավարությունը հանձնառու կլինի ժողովրդավարական և բարեկեցիկ Հայաստանի կերտմանը՝ ի շահ և ի նպաստ ողջ հայ ժողովրդի:Ես ողջունում եմ Եվրամիության հետ սերտ հարաբերություններ պահպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը և համոզված եմ, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը, որը շուտով կվավերացվի Բուլղարիայի խորհրդարանի կողմից, էականորեն կնպաստի այս նպատակի իրագործմանը»,-ասված է Բուլղարիայի վարչապետի շնորհավորական ուղերձում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am