Լիլիթ Մակունցն ընդունել է Հայաստանում Բրիտանական խորհրդի ղեկավարին

Armenpress 16:56, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մայիսի 16-ին ընդունել է Հայաստանում Բրիտանական Խորհրդի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին և մշակութային ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպման սկզբում հյուրերը շնորհավորեցին նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, այնուհետև՝  ներկայացրեցին ՀՀ մշակույթի նախարարության և Բրիտանական Խորհրդի համատեղ իրականացրած և ներկայիս մշակութային ծրագրերը: Այս համատեքստում, ներկայացվեցին համագործակցության հիմնական «Բրիտանական ֆիլմերի փառատոն», «Մշակույթ և ստեղծարարություն», «Պար` առանց սահմանների» ծրագրերը:

Նախարար Լիլիթ Մակունցը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց նախաձեռնությունների և գործուն համագործակության համար: Առաջարկ հնչեց նաև իրականացնել համատեղ աշխատանքներ՝ ստեղծարար ոլորտը Հայաստանի առաջնային ուղղություններից մեկը դարձնելու ուղղությամբ՝ կատարելով անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ:

Իր խոսքում Լիլիթ Մակունցը վստահություն հայտնեց, որ կգտնվեն առավել արդյունավետ ձևաչափեր` համագործակցությանը նոր լիցքեր հաղորդելու և ծրագրերի իրականացման ուղղությամբ՝  ի նպաստ մշակույթի զարգացմանն ու մեր երկրի բարօրությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am