Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ակտիվիստները փակել են Արգիշտի փողոցը, տեղում են նաև քաղաքապետին սատարողները

Armenpress 15:35, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի 2800-ամյակին նվիրված այգում ծառերի հատման դեմ բողոքող և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ակտիվիստները փակել են քաղաքապետարանի հարակից  Արգիշտի փողոցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մի խումբ ակտիվիստներ նստել են փողոցի երթևեկելի հատվածում և փակել երթևեկությունը: Ակտիվիստների մի խումբ էլ հավաքված է քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ և փորձում են ներս մտնել ու միանալ շենքում գտնվող ակտիվիստներին:

Ոստիկանության աշխատակիցներն այս պահին փակել են քաղաքապետարանի գլխավոր մուտքը և թույլ չեն տալիս ակտիվիստներին ներս մտնել:

Ավելի վաղ ակտիվիստների մի խմբի հաջողվել էր ներխուժել քաղաքապետարանի շենք: Այս պահին նրանք շարունակում են այնտեղ մնալ: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և առաջին տեղակալ Կամո Արեյանը մի քանի անգամ ակտիվիստներին առաջարկեցին լքել քաղաքապետարանի շենքը` խոստանալով մեծ դահլիճում Երևանի քաղաքապետի ներկայությամբ քննարկում կազմակերպել, սակայն մերժում ստացան:

Քաղաքապետարանի դիմաց են հավաքվել նաև Տարոն Մարգարյանին սատարողները՝ ձեռքին՝ «Մեր քաղաքապետը Տարոնն է» գրություններով:

Քաղաքապետարան է եկել նաև այսօրվանից ԱԺ պատգամավորների մանդատն ստացած Ալեն Սիմոնյանը, ով Երևանի ավագանու անդամ էր «Ելք» խմբակցությունից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am