Մշակութային տոն Հայաստանում և Արցախում. Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշերվա» միջոցառումներին միացել է 116 թանգարան

Armenpress 14:36, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 15-րդ և Արցախում 6-րդ անգամ նշվելու է Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» մշակութային տոնը: Թանգարանների միջազգային օրը մայիսի 18-ին է, «Թանգարանային գիշերը»՝ մայիսի 19-ին:

Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը՝ այս տարի թանգարանների աննախադեպ մասնակցություն է գրանցվել: Հայաստանի և Արցախի 116 թանգարան միացել է ծրագրին: 2009 թվականին ընդամենը 9 թանգարան էր մասնակցում, 2017-ին՝ արդեն 113: Նախորդ տարի այդ երկու օրերի ընթացքում թանգարանների այցելությունների թիվը մոտ 200 հազար էր:

«Այս նախաձեռնությունների հիմնական նպատակն է հասարակությանն էլ ավելի մեծ շերտերի մասնակից դարձնել այս միջոցառմանը, ծանոթացնել մշակութային արժեքներին, հիմնական ցուցադրություններին, դասախոսություններին, համերգային ծրագրերին: Տարբեր տարիքային խմբերի համար միջոցառումներ են նախատեսված»,-ասաց Արև Սամուելյանը:

Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, թանգարանները բաց կլինեն մինչև ժամը 18-ը, իսկ հաջորդ օրը՝ «Թանգարանների գիշերը», ժամը 18:00-24:00-ն:

Այս տարվա թեման է «Գերհաղորդակցվող թանգարաններ»:

 ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Անի Ավագյանը նշեց, որ ավանդական ցուցադրություններից բացի, թանգարանները ամեն տարի նորություններով են ներկայանում:

 «Այս տարվա խորագրով ԻԿՕՄ-ը փորձեց ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ թանգարաններից շատերն աշխարհում պիտի ցուցադրեն հաղորդակցության բոլոր հետաքրքիր միջոցները, որոնք կիրառում են իրենց տեղական համայնքների հետ համագործակցելով»,-ասաց Անի Ավագյանը:

Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի տնօրեն Հայկ Մկրտչյանը նշեց, որ իրենց կազմակերպությանն անդամակցում են բազմաթիվ թանգարանների աշխատողներ, որոնք իրենց մոնիթորինգային գործունեությամբ փորձում են հասկանալ՝ ինչ փոփոխություններ ու միտումներ կան թանգարաններում: «Արդեն շատ տեսանելի է, որ Թանգարանների միջազգային օրը, Թանգարանների գիշերը հերթեր են գոյանում թանգարանների առջև, իսկ այդ օրերին ժամանցի այլ կենտրոններն ու սրճարաններն ավելի դատարկ են լինում: Սա խոսում է այն մասին, որ տարեցտարի հասարակության շրջանում թանգարանների նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է»,- նշեց նա:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին համախմբելով ավելի քան 30 հազար թանգարաններ աշխարհի տարբեր երկրներից:

«Թանգարանների գիշեր»-ն առաջին անգամ անցկացվել է 1997 թ. Բեռլինում: Բեռլինի քաղաքային իշխանությունները ամբողջ գիշերը բաց թողեցին քաղաքի թանգարանների դռները, որը ժողովուրդը մեծ ոգևորությամբ ընդունեց: Շուտով այս ակցիային միացավ գերմանական ևս 20 քաղաք: Արդեն 1999 թ. Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով ֆրանսիական թանգարանները տարվա մեջ մեկ օր բաց էին, և մուտքն՝ անվճար: Այս ակցիան կոչվում էր «Թանգարանային գարուն»: Շուտով այս նախաձեռնությունը գրավում է Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող երկրների ուշադրությանը: 2001 թ. նախաձեռնությունը վերանվանվում է «Թանգարանների գիշեր»-ի, որը վերջին տարիներին հովանավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am