1000х90.jpg (78 KB)

Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները կրկնապատկվել են

Armenpress 13:47, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը վստահեցնում է, որ Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման հետ կապված խնդիրներ չկան: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Մակարյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ արտահանվել է 43 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ երկու անգամ ավելի է:

«Արտահանման հետ կապված առանձին դեպքեր միշտ էլ եղել են, սակայն, ընդհանուր առմամբ, արտահանումը շարունակվում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մակարյանը` անդրադառնալով մայիսի 11-ին Ռուսաստանի կողմից հայկական լոլիկի արտահանվող խմբաքանակն արտահանողին հետ վերադարձնելու մասին տեղեկատվությանը:

Մակարյանն ընդգծեց, որ խնդիրները հիմնականում մակնշման հետ են կապված լինում: Նրա խոսքով` Սննդի անվտանգության պետական ծառայությունն արտահանողներին պարբերաբար հորդորում է մինչև արտահանումը լուծել բոլոր հարցերը, որպեսզի արտահանման հետ կապված խնդիրներ չառաջանան: Նա հիշեցրեց, որ մեկ ամիս առաջ էլ խնձորի արտահանման հետ կապված խնդիր է եղել, որն արագ լուծվել է:

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանից ներկրվող բուսասանիտարական հսկման ենթակա բեռներում հայտնաբերվել է կարանտին համարվող 2 օբյեկտ. լոլիկում՝ գտել են հարավամերիկյան ցեց, իսկ վարունգում` արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկային թրիփս: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունն արդեն իսկ անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել արտահանվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ հսկողությունն առավել խստացնելու և դեպքի մանրամասները ուսումնասիրելու ուղղությամբ: Ռուսական կողմի հրապարակման մեջ նշված խնդրահարույց բեռը վերադարձվել է արտահանողին և խնդիրը վերաբերում է միայն տվյալ խմբաքանակին: Այլ պտուղ-բանջարեղենի արտահանման նկատմամբ որևէ սահմանափակում չկա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am