1000х90.jpg (78 KB)

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Armenpress 13:41, 14 Մայիս, 2018

ՍՈՉԻ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սոչիում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Քննարկման առանցքում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաներն են։ Ինչպես Սոչիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպումն անցկացվում է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստից առաջ։

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, վարչապետի օգնականներ Վարուժան Ներսեսյանը, Ռուբեն Ռուբինյանը և ԱԳՆ խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը։

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը, ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։

Աշխատանքային այցի ընթացքում տեղի են ունենալու նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղըրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի հետ:

***

Սոչիում ընթացող ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն անդամ-պետությունների երկրի ղեկավարների առաջին հանդիպումն է 2018-ին։ Բարձրագույն խորհուրդը միության բարձրագույն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ղեկավարները: Եվրասիական տնտեսական միությունը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից, որի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղզստանը և Ռուսաստանը։ Աշխատանքները կմեկնարկեն խմբակային լուսանկարով, որից հետո տեղի կունենան նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերը։

***

ՀՀ վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանին առաջինը շնորհավորական  հեռագիր է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այնուհետև կողմերն ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ փոխանակվել են փոխադարձ շնորհավորանքներով։ Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հարցերն առավել մանրամասնորեն քննարկել ԵԱՏՄ անդամ-պետությունների ղեկավարների՝ մայիսի 14-ին կայանալիք նիստի շրջանակներում։ 

Մայիսի 8-ին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի կողմից 59 կողմ, 42 դեմ ձայներով ընտրվեց, ապա Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ՀՀ վարչապետ:

Անի Նազարյան

Հանդիպման մանրամասները՝ Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր գործընկեր ու դաշնակից տարածաշրջանում. Պուտին



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am