1000х90.jpg (78 KB)

Երիտասարդ ըմբիշների հետ լավ աշխատելու դեպքում մեծ հեռանկարներ եմ տեսնում. Լևոն Ջուլֆալակյան  

Armenpress 12:45, 11 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, ընդհանուր առմամբ, գոհ է Եվրոպայի առաջնությունում մեր երկրի հավաքականի արդյունքներից:

«Մեր հավաքականը շատ լավ հանդես եկավ Եվրոպայի առաջնությունում: Կարելի է նույնիսկ ասել՝ հրաշալի: Շատ լուրջ հաջողություն է նաև այն, որ 7 մասնակիցով թիմային պայքարում 4-րդ հորիզոնականում էինք: 60 և 63 կգ քաշային կարգերում մեր ըմբիշներն անփորձ են և առաջին անգամ էին նման կարգի մրցաշարի մասնակցում: Ինձ գոհացրեց նրան վստահությունը՝ անկախ նրանից, որ նաև պարտություններ կրեցին: Երիտասարդ ըմբիշների հետ լավ աշխատելու դեպքում մեծ հեռանկարներ եմ տեսնում: 77 կգ քաշային կարգում սպասելիքները Կարապետ Չալյանից առավել շատ էին: Սակայն անհաջող գոտեմարտ ունեցավ շվեդ ըմբիշի հետ: Դժգոհ եմ նրա մասնակցությունից: Կարապետի մոտ տեխնիկական զինանոցի պակաս եմ տեսնում: Բայց որ աշխատասեր և նպատակասլաց ըմբիշ է, փաստ է: Ինձ ուրախացրեց Կարեն Ասլանյանը, ով սկսեց արդյունքներ գրանցել մեծահասակների պայքարում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ջուլֆալակյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը խոսեց նաև մրցավարական սխալների մասին` մասնավորապես փաստելով. «Շատ լուրջ լծակներ են տվել մրցավարներին, որոնք նրանք կարող են օգտագործել հօգուտ ցանկացած մարզիկի: Բոլորն են դժգոհում մի շարք սխալներից: Տգեղ երևույթներ եղան առաջնության ընթացքում, բայց, իմ կարծիքով, միջազգային ֆեդերացիան կվերանայի մի շարք կանոններ»:

Մասնագետի կարծիքով, երիտասարդների առաջնությունում մի քանի ներուժ ունեցող մարզիկների է առանձնացրել իր համար: «Մալխաս Ամոյանը շատ մեծ ներուժ ունի: Ես կասեի, նույնիսկ հիմա նա կարող է ընդգրկվել մեծահասակների թիմի կազմում: Ունենք 4-5 լավ ըմբիշներ, որոնց վրա կարելի է հիմնվել»,-ասաց գլխավոր մարզիչը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am