Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին կարող է փոխարինել Ալեն Սիմոնյանը

Armenpress 20:00, 8 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին ընտրվեց Հայաստանի Հանրապետության  վարչապետի պաշտոնում, ինչը նշանակում է, որ խորհրդարանում Փաշինյանի տեղը թափուր է մնացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը պատգամավոր է ընտրվել ռեյտինգային ընտրակարգով թիվ 4 ընտրատարածքից (Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ), հետևաբար խորհրդարանում նրան կփոխարինի նույն ընտրատարածքում «Ելք» դաշինքի ցուցակում նրանից հետո շատ ձայներ հավաքած թեկնածուն:

Թիվ 4 ընտրատարածքում  «Ելք» դաշինքի ցուցակում Նիկոլ Փաշինյանից հետո ավելի շատ ձայներ հավաքած թեկնածուն Ալեն Սիմոնյանն է: Նիկոլ Փաշինյանը հավաքել էր 11 հազար 513 ձայն, իսկ Ալեն Սիմոնյանը՝ 1870 ձայն: Ալեն Սիմոնյանն այս պահին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է:

Մինչ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը պատգամավորական մանդատները վայր դնելու դիմումներ են ներկայացրել նաև ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը: ՀՅԴ համամասնական ցուցակում Աղվան Վարդանյանին հաջորդում է Ռուզաննա Առաքելյանը, իսկ Գրիգոր Ավալյանը պատգամավոր է ընտրվել ռեյտինգային ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքից (Տավուշի մարզ): Նրանից հետո ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն Հակոբ Հակոբյանն է:

 

 

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am