Պետք է լծվենք «Նոր Հայաստան» կառուցելու անչափ պատասխանատու գործին. Արսեն Ջուլֆալակյան

Armenpress 11:15, 8 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:

«Ավարտին է մոտենում ևս մի պատմական փուլ մեր պետության համար, որի գնահատականը հետագայում կտան մասնագետները:  Այդ առիթով շնորհավորում եմ բոլորիս, որ կարողացանք յուրահատուկ օրինակ ծառայել ամբողջ աշխարհին: Իսկ հիմա ժամանակն է, որ յուրաքանչյուրս մեր ուժերի չափով լծվենք «Նոր Հայաստան» կառուցելու անչափ պատասխանատու գործին։ Միայն այդպես կկարողանանք հնարավորինս արագ զգալ այս գեղեցիկ հեղափոխության դրական ազդեցությունը։ Բոլորս պետք է ներքուստ «հեղափոխվենք»՝ բառի լավ իմաստով: Նման գիտակցությունն ու գործելաոճը վճռորոշ է լինելու, որպեսզի հետո չփնտրենք արդարացումներ և մեղավորներ: Վաղվա Հայաստանն արդեն եկել է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքի իր էջում գրել է Ջուլֆալակյանը:

Ապրիլի 13-ից Երևանում ընթացել են բողոքի ակցիաներ, որոնք գլխավորում էր ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Ապրիլի 17-ին նա հայտարարեց առանց բռնության, բաց ձեռքերով «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Սկսվեցին զանգվածային անհնազանդության գործողությունները Երևանի տարբեր հատվածներում: Ապրիլի 23-ին հրաժարական տվեց ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը: Մայիսի 1-ին խորհրդարանը ձախողեց վարչապետի ընտրությունը՝ 56 դեմ և 45 կողմ քվեարկությամբ: ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում: ՀՀԿ-ն հայտարարեց, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններին կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի (35 պատգամավոր) կողմից առաջադրված թեկնածուին: Նիկոլ Փաշինյանը կրկին առաջադրվել է որպես ՀՀ վարչապետի թեկնածու՝ 41 պատգամավորի ստորագրությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am