«Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղու նոր տարեշրջանի մեկնարկը կտրվի մայիսի 15-ից

Armenpress 19:38, 7 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տուրիզմի բաժնի պետը զեկուցել է, որ, հաշվի առնելով «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսների վերաբրենդավորման գործընթացը, այս տարի ծրագրի տարեշրջանի մեկնարկը կտրվի մայիսի 15-ից: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերի տեղադրման գործընթացի հետ կապված, զեկուցվել է, որ Նալբանդյան-Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկ մեկնարկել են համապատասխան շինարարական աշխատանքները և առաջիկա օրերին կտեղադրվի առաջին կետը:

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա առթիվ ապրիլի 18-ից մեկնարկել են մայրաքաղաքի հուշարձանների լվացման և դրանց շրջակայքում առկա QR կոդ-ցուցանակների գույքագրման աշխատանքները: Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը զեկուցեց, որ 120 գույքագրված հուշարձաններից 37-ում առկա են համապատասխան ցուցանակներ, առաջիկայում, մասնավորի հետ համագործակցությամբ, մյուսները ևս կհամալրվեն նմանատիպ ցուցանակներով: Միաժամանակ, զեկուցվել է, որ վերագործարկվել է նախնական տարբերակով QR-կոդ-ցուցանակների հետ կապված https://monuments.yerevan.am/hy/ կայքը, որի վրա այցելուները կարող են գտնել հուշարձանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը:

Խորհրդակցությանը նաև զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, Հաղթանակի զբոսայգում ավարտվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am