Պատմաբան-գրողի «բյուզանդական արշավանքներն» ու անարխիստների կղզին. Երվանդ Վարդանյանի «Նորամուտ»-ը  

Armenpress 10:16, 7 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 23 տարեկանը դեռ չբոլորած այս գրողն առանձնանում է ինքնատիպ ձեռագրով: Նրա «Անարխիստների կղզին» գիրքը լույս է տեսել վերջերս, բայց հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել: «Ընթացք, արշավանք,երիտասարդություն կամ ինքնակենսագրություն ողջ կյանքի համար։ Երվանդ Վարդանյան: Ծնվեց Երևանում 1995 թ. հուլիսի 27 -ին` 8 ամսականում, այդպիսով` վճռականորեն մերժելով Կույսի տիրապետությանը: Ժամանակից շուտ ծնվելը համարում է իր առաջին չգրված մանիֆեստը, որով նշմարեց իր գրականության առաջնային խնդիրը` խաղալ ընթացքի հետ: Ընթացքն ամբողջության մեջ տեսնելու խաբկանքով էլ ընդունվեց ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Պաշտպանեց դիպլոմային աշխատանք «Բյուզանդական արշավանքները Այսրկովկաս և 7-րդ դարի արաբական արշավանքների սկզբնական փուլը» թեմայով, որը համարում է իր առաջին լուրջ գրական աշխատանքներից մեկը՝ նաև հաշվի առնելով այն փաստը, որ գրականության պատմությունը սկսվում է արշավանքից: Սկսեց գրականությամբ զբաղվել, երբ գիտակցեց, որ գրականությունն արդեն իրենով բավականաչափ զբաղվել է կամ, որ նույնն է, նշմարվել են արշավանքի ընթացուղիները»,-հենց այսպես է շարադրված Երվանդ Վարդանյանի կենսագրությունն «Անարխիստների կղզին» գրքի դարձերեսին:

«Արմենպրես»-ն իր հեղինակային նախագծում ներկայացնում է պատմաբան-գրող Երվանդ Վարդանյանի «Նորամուտ»-ը:

Առաջին քայլեր

Առաջին աշխատանքս հրապարակվել է, երբ ես 18-19 տարեկան էի: Միշտ հպարտանում եմ՝ ասելով, որ իմ առաջին էսսեն նվիրված է եղել ֆրանսիացի գրող Լուի Ֆերդինանտ Սելինին ու միշտ հպարտանում եմ, որ Հայաստանում առաջինն եմ խոսել ու գրել նրա մասին: Առաջին ստեղծագործությունս «Գրանիշ»-ում հրապարակվեց ու ճանաչվեց տարվա լավագույն էսսե: Ստացվեց այնպես, որ շատերին դուր եկավ: Հաջողությունն ինչ-որ առումով լիցքավորեց, ոգևորեց: Եվ ես հասկացա, որ իմ հետագա զարգացումը տեսնում եմ գրականության մեջ:

Ինձ գրականություն բերեցին իմ սիրելի գրողները: Ես վաղ տարիքից սկսեցի շփվել լավ գրականության հետ: Շատերը կարդում են ժամանցի կամ հոգեբանական խնդիրներ լուծելու համար, բայց ես բավականին վաղ հասկացա, որ գրականությունն ամենևին դրա համար չէ:

Գրականությունը մտքի արձանացումն է: Կարդալիս ընթերցողը կարծես քանդում է այդ արձանն ու ավելի մոտենում հեղինակին:

 

Պատմության ֆակուլտետն ու հիշողության թեման

Պատմության ֆակուլտետ ընդունվեցի ավելի վաղ, երբ դեռ չէի մտածում գրականությամբ լրջորեն զբաղվելու մասին: Իմ գրականության գլխավոր թեման հիշողությունն է: Իսկ պատմությունն ամփոփում է մարդկային հիշողությունը: Ինչ-որ առումով պատմությունն ինձ օգնեց:

Իմ գրականության մեջ պատմական փաստերը շատ չեն, կան ինչ-որ գործեր, որոնցում ինչ-որ պսևդոպատմական սյուժեներ կան: Մարդիկ, ովքեր պատմություն են ուսումնասիրել, հասարակությունում առանձնանում են իրենց ինտելեկտով, կրթական մակարդակով: Պատմությունից ստացած գիտելիքներն ամենուր կարելի է օգտագործել:

«Սենյակային հեղափոխությունն» ու մուտքը միջազգային հարթակ

2016 թ. Մարսելում բեմադրվեց իմ «Սենյակային հեղափոխություն» պիեսը: Ես պիեսը հայերեն էի գրել, հետո այն թարգմանեցի ֆրանսերեն: Մի իտալուհի աղջիկ առաջարկեց ինձ բեմադրել պիեսը: Մեծ հաջողություն ունեցավ, բոլորը հիացած էին: Ես զարմացա, թե ինչքան հեշտ կարելի է կազմակերպել նման միջոցառում: Դա ինձ գրականությամբ պրոֆեսիոնալ զբաղվելու լրացուցիչ մոտիվացիա տվեց:

 «Անարխիստների կղզին»

Ինձ համար մի փոքր դժվար է խոսել իմ գրքերի մասին, ես ավելի լավ խոսում եմ ուրիշների գրքերի մասին:

…«Անարխիստների կղզին» երկու ամիս առաջ է լույս տեսել, բավականին հաջողություններ է ունեցել: Ինձ համար սա խորհրդանշական գիրք է: Գիրքը կազմված է էսսեներից, պատմվածքներից և 4 փոքրիկ պիեսներից: Վերջինները ոչ թե բեմադրելու, այլև կարդալու, մտածելու համար են գրված: Գիրքը 3-4 տարվա ընթացքում է հավաքվել:

«Հիշողություններ անհետացած վեպից». նոր գիրք

Շուտով պետք է լույս տեսնի իմ նոր գիրքը, երևի 2-3 ամիս հետո: Դեռ աշխատանք ունեմ վեպի հետ:

Ես միշտ վախենում եմ խոսել դեռ չհրապարակված գործերի մասին, որովհետև դրանց մասին պատմելն ինչ-որ առումով քեզ պարտավորեցնում է, նաև վնասում գրական ընթացքին: Նախկինում հեշտությամբ պատասխանում էի, թե ինչի մասին եմ գրում, բայց հիմա մինչև չեմ վերջացրել, չեմ կարողանում:

Երևի, գրում եմ վերջակետին հասնելու մասին: Ու միշտ մտավախություն կա: Հանիբալը գրավեց ամբողջ հռոմեական կայսրությունը, բայց հասավ Հռոմ ու չկարողացավ այն գրավել: Եվ ես էլ, թեև գրեթե վերջացրել եմ վեպը, գուցե չկարողանամ միջնաբերդը գրավել ու հանձնվեմ:

Ամբոխի մեջ՝ միայնակ

Ես նույնիսկ ամբոխի մեջ ինձ միայնակ եմ զգում: Նույնիսկ ընկերներիս հետ: Իմ կարծիքով, մտածող մարդու խաչն է միայնակ լինելը: Դրան վատ պետք չէ վերաբերվել: Խառնվածքի հարց է: Լինում է, որ շուրջբոլորդ մարդիկ են, բայց ներքին մենություն ես զգում:

20-րդ դարի գրականությունը ցույց տվեց, որ մարդը միայնակ է մնացել:

…Ես փորձում եմ լուծել գրականության խնդիրներ և ոչ թե ճանաչման խնդիրներ: Ես ի սկզբանե գիտեմ, թե ինչի համար եմ գրում:

Երվանդի Լորկան

Գրելը նույնպես աշխատանք է: Եվ երբ տեսնում ես, որ ինչ-որ մարդիկ գնահատում են այդ աշխատանքը, հասկանում ես, որ ամեն ինչ ավելին է, քան փողը:

Ես միշտ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի օրինակն եմ բերում: Լորկան ասում էր, որ գրող չէր դառնա, եթե իր ծնողներն իրեն չֆինանսավորեին: Ես ուրախ եմ, որ ինչ-որ առումով ապահով ընտանիքում եմ ծնվել, և մերոնք հասկանում են իմ ցանկությունները, աջակցում են: Պետք է պրոֆեսիոնալ լինես այն ասպարեզում, որն ընտրել ես: Եվ այս պահին ես ինձ տեսնում եմ միայն գրականության մեջ:

Հ. Գ.

«Արմենպրես» լրատվական գործակալության «Նորամուտ» նախագծի նպատակն է հանրությանը ներկայացնել մեր տաղանդավոր և ստեղծագործող երիտասարդներին՝ դերասաններին, բեմադրիչներին, նկարիչներին, երաժիշտներին և այլն, պատմել, թե ինչով են նրանք զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչ խնդիրների են բախվում ստեղծագործելիս: «Նորամուտ» երիտասարդական նախագծի համար գործակալությունը 2016 թ. արժանացել է «Հայկյան» ամենամյա մրցանակին՝ «Տարվա երիտասարդական լրատվական նախագիծ» անվանակարգում:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am