1000х90.jpg (78 KB)

Գերմանացի մասնագետը վարպետության դասընթաց է անցկացրել հայ հրատարակիչների համար

Armenpress 17:21, 5 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրահրատարակչության բնագավառում բազմամյա փորձառություն ունեցող, վաճառքի, մարքեթինգի և հաղորդակցության մասնագետ Ֆլորիան Էնդրյուսը երկօրյա վարպետության դաս անցկացրեց Հայաստանում: Դասընթացներին, որոնք տևեցին մայիսի 2-3-ը, Էնդրյուսը տեղի հրատարակիչների հետ խոսեց գրահրատարակչական շուկայի ազդեցության, հրատարակչական հնարավորությունների, նոր նախագծերի և նոր շուկաներ նվաճելու թեմատիկ գաղափարների մասին:

«Դասընթացներին փորձեցինք հասկանալ, թե գերմանական գրքի շուկայից ի՞նչ հայացք ենք կարող գցել հայկական գրքի շուկա, վեր հանեցինք տարբերությունները և փորձեցինք տարբերակներ առաջարկել եղած խնդիրների լուծման համար:  Այսպես ուզում ենք օժանդակել հայաստանյան հրատարակչություններին  իրենց գրական արտադրական աշխատանքը  աշխարհում լավագույնս ներկայացնելու համար»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Էնդրյուսը:

Նա խոստովանեց, որ հայկական մանկապատանեկան գրականությանը ծանոթ է գրքի միջազգային շուկաներից: «Կարծում եմ, որ Հայաստանում հրատարակված գրքերը բարձրորակ են: Դրանք առանձնահատուկ բովանդակություն ունեն, և գրքերում ներկայացված թեմաները հազվադեպ են հանդիպում գերմանական մանկապատանեկան գրականությունում»,-ասաց նա և հավելեց, որ երկու շուկաները միմյանցից շատ բան կարող են վերցնել: Ֆլորիան Էնդրյուսը շեշտեց, որ հայ հրատարակիչների ներկայացրած մանկապատանեկան գրականությունը պատկերազարդ է և գեղեցիկ:

Անդրադառնալով գրողներին` մասնագետը փաստեց, որ երեխաներին հետաքրքիր են  գրքի բովանդակությունը, հերոսները, գործող անձիք, պատկերազարդումները, ոչ թե հեղինակը: Նա հավաստիացրեց, որ ամբողջ աշխարհը կարդում է «Հարրի Փոթերի» մասին պատմող գրքեր, բայց քչերին է հուզում, թե ով է այն գրել:

Ֆլորիան Էնդրյուսը նշեց, որ երեխաների ընթերցանության հարցում մեծ դեր կարող են խաղալ ծնողները, սակայն երբեք նրանց չեն կարող ստիպել կարդալ, միայն կարող են ծանոթացնել գրքերի աշխարհին` հուսալով, որ մի օր երեխան հետաքրքրություն կցուցաբերի  գրքի հանդեպ:

Դասընթացին մասնակցեցին Հայաստանի խոշոր հրատարակիչները` «Անտարես», «Էդիթ Պրինտ», «Զանգակ» «Բուկինիստ», «ՋԻ ԷՍ ԷՄ» և այլն:

Ծրագիրն իրականացվում է IBBY Հայաստան ՀԿ-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի  հայաստանյան մասնաճյուղ) և Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ համատեղ: Ֆինանսապես աջակցում է  «IBBY Yamada» հիմնադրամը: Սա հինգերորդ վարպետության դասն է: Վարպետության դասընթացներ են իրականացվել նաև գրողների, թարգմանիչների, նկարազարդողների, գրադարանավարների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am