e-draft.am-ը լայն հնարավորություն է ստեղծել քաղհասարակության համար ներգրավվածություն ունենալ օրինաստեղծ աշխատանքին

Armenpress 13:50, 4 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավական ակտերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքը լայն հնարավորություն է ստեղծել քաղաքացիների համար ակտիվ մասնակցություն և ներգրավվածություն ունենալ օրինաստեղծ աշխատաքներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կայքի այցելունների թիվը 2017 թվականի փետրվարից մինչև 2018 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում գերազանցել է 420 հազարը: Պետական մարմինների կողմից տեղադրված նախագծերի թիվը գերազանցել է  600-ը,  իսկ կայքում մշտական գրանցված օգտատերերի թիվը ավելի քան 18 հազար է:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը e-draft-ը աննահադեպ հարթակ է համարում այն առումով, այն քաղաքացիական հասարակությանը տեղեկացնում է, թե տարբեր գերատեսչությունների կողմից ինչ նախագծեր են մշակվում և նրանք կարողանում են առաջարկություններով ու դիտարկումներով մասնակից լինել  օրինաստեղծ գործընթացում: Փորձագետի կարծիքով` հարթակում պետք է ավելի ներգրավված լինեն հասարակական կազմակերպությունները և ակտիվ քաղաքացիները:

«Եթե նախագծերի վերաբերյալ քաղաքացիների կամ հասարակական կազմակերպությունների տված առաջարկությունների ազդեցությունը ավելի տեսանելի լինեն հարթակում, կարծում եմ, նրանց ներգրավածությունը էլ ավելի կավելանա»,- ասաց Մարտիրոսյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ողջունում է հանրության, այդ թվում՝ դրա անբաժան մասը հանդիսացող բիզնեսի համար իրավական ակտերի նախագծերը բաց ներկայացնող e-draft առցանց հարթակի ստեղծումը: «Այս հարթակի առավելությունն այն է, որ համապատասխան ոլորտի առնչվող որևէ իրավական ակտում հետաքրքրվածության, դրա վերաբերյալ որոշակի տեսակետ կամ սեփական մոտեցում ունենալու պարագայում, ցանկացած ընկերություն հնարավորություն է ստանում ներգրավվելու օրինաստեղծ գործընթացում: Հարթակի շնորհիվ ստեղծված՝ ընդգրկվածության և մասնակցության հնարավորություններն ու թափանցիկությունը չափազանց կարևոր են իրավական ակտերի բոլոր շահառուների համար՝ անկախ ոլորտից, քանի որ ցանկացած տնտեսվարող կարող է և պետք է արտահայտի իր տեսակետը հետաքրքրություն ներկայացնող իրավական նախաձեռնության առնչությամբ, հրապարակայնորեն, դեռ վաղ փուլում, որպեսզի օրինական շահերն իրենց արտահայտումը գտնեն համապատասխան օրենսդրությունում: Ընկերությունները պետք է լինեն նախաձեռնող, այլ ոչ՝ արձագանքող, երբ խոսք է գնում իրենց գործունեության վրա ազդեցություն ունեցող իրավական որոշումների մասին: Ուրախալի է, որ «e-draft» հարթակը ընձեռում է նման հնարավորություն»,-ասաց Յիրիկյանը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը կարևորեց այս հարթակը հանրության իրազեկման առումով. այն քաղաղացիական հասարակության կողմից գործարկվում է արդյունավետ կերպով:

«Այս հարթակը լավագույն հնարավորություններից մեկն է տարբեր ոլորտների մասնագետների համար իրենց կարծիքը ներկայացնելու և տեսնելու դրա վերաբերյալ նախագծի հեղինակի արձագանքը: Շատ գնահատելի է «e-draft»-ի կայքի ստեղծումը: Որպես հանրային քննարկման գործիք շատ արժեքավոր է և գործածելի է մարդկանց կողմից, ովքեր միշտ նախաձեռնող են եղել կարծիքներ տալու օրենսդրական փոփոխություններին»,- ընդգծեց Տիգրանյանը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատուն որպես դիտարկում նշեց, որ երբեմն նախագծերի վերջնական լրամշակված տարբերակները չեն հրապարակվում կայքում:

«Երբ սկզբնական նախագծերը հրապարակվում են, դրանք անցնում են լրամշակման փուլ և քննարկման արդյունքում նախագծերի վերջնական լրամշակված տարբերակները չի հրապարակվում կայքում, որովհետև նախ իրավական հիմքը չկա և դա թողնված է նախագծի հեղինակի բարեխղճությանը: Երբեմն նախագծերի հեղինակները լրամշակված տարբերակը դնում են իրենց պաշտոնական կայքում, բայց մարդիկ, ովքեր նախնական նախագիծը տեսել են  «e-draft» կայքում, լրամշակվածը չեն տեսնում»,- ասաց Տիգրանյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը իրավաստեղծ գործունեության և մասնակցային կառավարման նոր մշակույթ ձևավորեց Հայաստանում: Նախարարի տեղակալը նշեց, որ կայքի գործարկումից հետո քաղաքացիական հասարակության հետ համատեղ լայնածավալ իրազեկման աշխատանքներ են տարվել կայքի օգտագործումը մասսայականացնելու ուղղությամբ: Բացի դրանից, նրա խոսքով 2017-2018 թվականներին շարունակաբար աշխատանքներ են տարվել կայքը արդիականացնելու ուղղությամբ: Մասնավորապես, ստեղծվել է կայքի ռուսերեն և անգլերեն տարբերակները, ստեղծվել է հնարավորություն ստացված առաջակությունների քննարկումից հետո նախագծի լրամշակված նախագիծ տեղադրելու համար: Մշակվել է կայքի արդիականացման ծրագիր, որն էլ փուլային եղանակով իրականացվում է:

«Իրավական ակտերի հրապարակման միասնական կայք (www.e-draft.am)» կայքը ներկայացված է Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի մրցանակի համար մրցույթին:

e-draft.am կայքի միջոցով իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունները շատ հաճախ ներկայացնում են դատավորները, բարձրագույն ուսումնական հաստատությունների ամբիոնի վարիչները, դասախոսները, փաստաբանները, ուսանողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչը վկայում է կայքի՝ իր նպատակին ծառայելու մասին: 

Կայքի միջոցով ապահովվում է ինչպես պետական մարմինների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու և առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը՝ իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին:

e-draft.am -ը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ տեղադրված նախագծերին, դրանց հիմնավորումներին և այլ կից փաստաթղթերի, իսկ կայքում գրանցվելու դեպքում՝ նաև ներկայացնել առաջարկություններ, ծանոթանալ նախագծերի առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին: Նման հնարավորության ստեղծումը ապահովում է հանրության մասնակցությունը օրինաստեղծ գործընթացին, այդ թվում՝ հանրային քննարկման մասնակցության միջոցով ունենում է անմիջական ազդեցություն պետության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականության ձևավորման հարցում:         



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am