Արցախի պետական նախարարն ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին

Armenpress 13:11, 2 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 2-ին ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետական նախարարը ողջունել է Դ. Մեդոևին հերթական այցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հարավային Օսիայի Հանրապետության հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Արցախի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունի: Երկկողմ շփումներին նոր որակ հաղորդելու նպատակով Ա. Հարությունյանն առաջարկել է լուրջ ուշադրություն դարձնել նաև գործարար կապերի ստեղծման և տնտեսական համագործակցության հարցերին:

Դմիտրի Մեդոևը շնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ Հարավային Օսիայում ևս բարձր են գնահատում Արցախի Հանրապետության հետ փոխգործակցության զարգացումը: Նա ողջունել է պետնախարարի առաջարկը երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ստեղծման առումով և ներկայացրել է Հարավային Օսիայի ունեցած հնարավորությունները,­ որոնք կարող են հիմք հանդիսանալ գործարար հետաքրքրությունների համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և կայուն հաղորդակցության ստեղծման մի շարք հարցերի շուրջ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am