Հրապարակվել է «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի հայաստանյան ժյուրիի կազմը

Armenpress 16:41, 1 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչներ Արամոն, Ալլա Լևոնյանը, Մաշա Մնջոյանը, ոճաբան Արմեն Գալյանը և «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանն ընդգրկվել են «Եվրատեսիլ 2018»-ի հայաստանյան ժյուրիի կազմում:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով Eurovison.tv-ն, հաղորդում է, որ յուրաքանչյուր երկրի ժյուրիի կազմը բաղկացած է 5 անդամներից: Նրանք գնահատում են մասնակիցների վոկալային հնարավորությունները, բեմում ելույթը, երգը, դրա յուրահատկությունները և առհասարակ ելույթի ստացած տպավորությունը:

Հայեր կան նաև Բելառուսի եւ Ուկրաինայի ժյուրիի կազմում: Նրանք են երգչուհի Իսկուհի Աբալյանը և պրոդյուսեր Արթուր Դանիելյանը:

Հայաստանի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանը կներկայանա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 8-ին: Սևակը հանդես կգա 16-րդ համարի ներքո: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կանցկացվի  մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ 12-ին:

Ապրիլի 30-ին կայացել է Սևակ Խանաղյանի Լիսաբոնի եվրատեսիլյան բեմում առաջին փորձը: Այնուհետև նա պատասխանել է լրագրողների հարցերին:

Անդրադառնալով իր հայալեզու երգին` Հայաստանի ներկայացուցիչը նշել է, որ իր համար շատ կարևոր է սկզբից մինչեւ վերջ հայերեն երգելը, որովհետեւ «Եվրատեսիլն» այն մրցույթն է, որի ընթացքում երկրները կիսվում են իրենց մշակույթով: Ըստ երգչի`դա  լավագույնս  կարելի է անել հենց լեզվի միջոցով:

«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիսաբոնում: Մրցույթին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: «All Aboard» թեմատիկ նշանաբանի ներքո բոլորը հրավիրվում են Եվրոպայի երաժշտության տոնին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am