Հայաստանում տեսնում ենք քաղաքացիական հասարակության զարթոնքը, որում մեծ ներդրում ունեն երիտասարդները. Արմեն Սարգսյան

Armenpress 20:58, 26 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի համոզմամբ՝ այսօր Հայաստանում տեսնում ենք քաղաքացիական հասարակության զարթոնքը, որում դրական իմաստով մեծ ներդրում ունեն երիտասարդները: «Ինձ համար շատ էական է, որ երիտասարդների եռանդը, ավյունը, դրական էներգիան ուղղվի ի վերջո ստեղծագործ աշխատանքի: Քաղաքացիական դաստիարակությունն ընդհանուր դաստիարակության մի մասն է, չես կարող ունենալ լավ բժիշկ, ֆիզիկոս, մաթեմատիկոս կամ իրավաբան, եթե այդ անհատը բացարձակ անտարբեր է իր շրջապատի, իր հայրենիքի, իր երկրի նկատմամբ: Հետևաբար, քաղաքացիական դաստիարակությունն ընդհանուր դաստիարակության մի մասն է, կարևոր մասն է, ուստի չպետք է մոռանանք, որ կա նաև մյուս մասը, որը կապված է կրթության հետ, համալսարանում նրանց դասերի, ապագայի հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է ՀՀ նախագահը՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ տեղի ունեցող գործընթացներն իրենց հանգուցալուծմանը կհասնեն և որքան հնարավոր է շուտ, որպեսզի քաղաքացիները վերադառնան իրենց նորմալ կյանքին, ուսանողը վերադառնա իր լսարան և սկսի իր եռանդը ներդնել երկրի ու իր ապագայի համար:         



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am