Պատրաստ ենք բանակցությունների. Փաշինյանը ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում

Armenpress 22:13, 25 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում ապրիլի 25-ին կայացած հանրահավաքի ընթացքում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են բանակցությունների:

«Այդ բանակցությունները, ինչպես նախկինում պնդել ենք, պետք է վերաբերեն իշխանության խաղաղ և անցնցում փոխանցմանը: Պատրաստ ենք քննարկել անցումային շրջանի, ժամանակավոր կառավարության գործունեության հետ կապված ցանկացած հարց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ԱԺ խմբակցությունները պետք է հաշվի նստեն առկա քաղաքական իրողությունների հետ և կոնսենսուսով առաջադրեն թեկնածու՝ հենվելով ԱԺ կանոնակարգ օրենքի և Հայաստանի օրենսդրության վրա:

Փաշինյանը նշեց նաև, որ ապատեղեկատվություն է տարածվում, թե Սերժ Սարգսյանը լքել է երկիրը: «Սերժ Սարգսյանի և որևէ քաղաքացու նկատմամբ վենդետայի դրսևորում չկա: Սերժ Սարգսյանը չի հեռանում Հայաստանից և ճիշտ է անում»,- շեշտեց պատգամավորը:

Հարթակից ունեցած ելույթների ընթացքում էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ ժողովրդի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը:

Ելույթ ունեցավ նաև քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, ով կոչ արեց քաղաքացիներին պահպանել փողոցային երթևեկության կանոնները, պահպանել նաև հրապարակի մաքրությունը, քանի որ վերջին օրերին նկատվել են նշված կանոնների խախտումներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am