Թարմացված gnumner.am կայքում հնարավոր է ծանոթանալ պաշտոնական գնումների վերաբերյալ ողջ տեղեկատվությանը

Armenpress 18:18, 25 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թարմացված gnumner.am կայքը քաղաքացիների, գնումների մասնակիցների համար հասանելի է դարձնում պաշտոնական գնումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը, այս համակարգում իրականացված  բարեփոխումների արդյունքում բարձրացել է թափանցիկության մակարդակը: «Նախորդ տարի ուժի մեծ մտավ «Գնումների մասին» օրենքը, որով կտրուկ ավելացավ թափանցիկությունը, հասարակության ներգրավվածությունը մեր բոլոր գործընթացներում: Մեր նպատակն էր հնարավորինս ավելի թափանցիկ, հասարակության համար մատչելի համակարգ ստեղծել ու տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով այն հասանելի դարձնել քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ կայքը հասանելի է երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ինչը թույլ կտա արտասահմանում գտնվող կազմակերպություններին, որոնք ցանկանում են մասնակցել Հայաստանում գնումների գործընթացին, ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը:

Կարեն Թամազյանն ասաց, որ աշխատում են նաև կայքում վերլուծական գործիք զետեղելու ուղղությամբ, որն այժմ մշակման փուլում է: «Վերլուծական գործիքներ ստեղծելու ուղղությամբ ենք աշխատանքներ տանում, մինչ տարվա վերջ այն պատրաստ կլինի: Այն թույլ կտա ոչ միայն տեսնել, թե ով ինչ մրցույթ է հայտարարել, ով է շահել, այլ վերլուծել այդ տեղեկատվությունը: Մեր նպատակն է թափանցիկության միջոցով գնումներ հայտարարողներին դարձնել պատասխանատու հասարակության առջև»,-ավելացրեց պաշտոնյան:

Փոխնախարարի խոսքով՝  Հայաստանի պետական համակարգում 2017-ին 180 միլիարդ դրամի գնումներ են կատարվել, որից 96 միլիարդ դրամը լիցենզավորված մենաշնորհային են, 83.7 միլիարդը՝ մրցակցային գնումներ: «4.7 միլիարդ դրամը եղել են մեկ անձից գնումները, որն ընդհանուր գնումների 6 տոկոսն է կազմել, ինչը կտրում ցածր է նախորդ տարիների ցուցանիշից: Սա նշանակում է, որ մրցակցության աստիճանի բարձրացում է արձանագրվել»,-ասաց պաշտոնյան: Բացի այդ՝ նախորդ տարիների համեմատ ավելացել է նաև գնումների մրցույթների մասնակիցների միջին թիվը: «Եթե 2015 և 2016 թթ. մեկ մրցույթին միջինում մասնակցել է 3.2 մասնակից, ապա 2017-ին՝ 4 մասնակից, աճը 30 տոկոս։ Սա դրական ցուցանիշ է»:

 

 

 

 

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am