Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը վերադարձավ Հանրապետության հրապարակ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Armenpress 12:45, 25 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ ապրիլի 25-ին երթը սկսեց Հանրապետության հրապարակից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վաղ առավոտից մի խումբ ուսանողներ իրենց ակցիան սկսեցին Աբովյան փողոցից և երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ:

22:13 - Հանրապետության հրապարակում ապրիլի 25-ին կայացած հանրահավաքի ընթացքում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են բանակցությունների: «Այդ բանակցությունները, ինչպես նախկինում պնդել ենք, պետք է վերաբերեն իշխանության խաղաղ և անցնցում փոխանցմանը: Պատրաստ ենք քննարկել անցումային շրջանի, ժամանակավոր կառավարության գործունեության հետ կապված ցանկացած հարց»,- նշեց Փաշինյանը: Նրա խոսքով՝ ԱԺ խմբակցությունները պետք է հաշվի նստեն առկա քաղաքական իրողությունների հետ և կոնսենսուսով առաջադրեն թեկնածու՝ հենվելով ԱԺ կանոնակարգ օրենքի և Հայաստանի օրենսդրության վրա:

16:55 - Ոստիկանությունը հայտարարություն է տարածել. «Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների: Ոստիկանությունը պետության հիմնասյուներից է, պետականության, երկրի կայունության ու ներքին անվտանգության երաշխավորը և գործում է օրենքներով ու օրենքի շրջանակում:Ոստիկանությունը և ոստիկանության պետը չեն մտնում քաղաքական գործընթացների մեջ և չեն կարող սատարել որևէ կողմի: Կոչ ենք անում առաջնորդվել բացառապես իրավական ու տրամաբանական այս իրողություններով և մտացածին ինչ-որ բանակցությունների ու պայմանավորվածությունների մասին լուրերով չապակողմնորոշել ու թյուրիմացության մեջ չգցել հանրությանը»:

16:42 - Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները վերադարձան Հանրապետության հրապարակ, որտեղ 19:00-ին տեղի կունենա հանրահավաք:  

16:17- Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը շարժվում է Տիգրան Մեծի պողոտայով: Մաշտոցի պողոտայի մի քանի հատվածներում երթևեկությունը մերթ ընդ մերթ դադարում է, քանի որ հավաքի մասնակիցները փակում են Մաշտոց-Պուշկին, Մաշտոց-Թումանյան, Մաշտոց- Ամիրյան խաչմերուկները: Դեպի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամաս տանող ճանապարհներին ևս մարդիկ կան հավաքված: Սևան-Երևան միջպետական ճանապարհին ևս կուտակումներ են լինում՝ խոչընդոտելով երթևեկությանը:

16:04 - Պետական եկամուտների կոմիտեն հերքել է ապրիլի 25-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունն այն մասին, թե իբր փակվել է Բագրատաշենի մաքսատունը: «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտներ կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ այս պահի դրությամբ, ոչ միայն Բագրատաշենի, այլ նաև հանրապետության մյուս բոլոր մաքսակետերը բնականոն գործունեություն են իրականացնում»,- ասվում է ՊԵԿ հայտարարության մեջ:

15:35 - Հայաստանի Հանրապետությունում  ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՅԴ-ն առաջիկա ժամերին հանդես կգահայտարարությամբ:

14:30 - Քիչ առաջ Վարդենիսում ավտոճանապարհը փակած մի խումբ անձիք թույլ չեն տվել անցնել մարտական ծառայության մեկնող զինվորական ավտոշարասյանը։ Միայն հրամանատարի միջամտությունից հետո ճանապարհը կարճ ժամանակով բացվել է։

13:30 - Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Երևանում տեղի ունեցող ավտոակցիաների մասնակիցներին հարգել համաքաղաքացիների իրավունքները, գործողությունները պահել օրենքի և խելամտության շրջանակներում: 

12:45 - Հավաքի մասնակիցները փորձել էին փակել նաև Արշակունյաց պողոտան, Գարեգին Նժդեհի հրապարակն ու դրա հարակից ճանապարհները, Հալաբյան-Կիևյան խաչմերուկը: Փաշինյանի գլխավորած երթը Չարենցի փողոցով ուղևորվում է դեպի Ալեք Մանուկյան փողոց: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ։ Առաջիկայում պատրաստվում է հանդիպել նաև ՀՀ-ում Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանների հետ։

Երթերի և հավաքների ընթացքում ոստիկանական ուժեր կան կենտրոնական փողոցներում և Հանրապետության հրապարակում:    

Ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանն արտասահմանյան լրատվամիջոցների մասնակցությամբ հրավիրված ասուլիսում նշել էր, որ ժողովրդի թեկնածուն կորոշվի Հանրապետության հրապարակում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել էր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև ապրիլի 25-ին նախատեսված բանակցությունները չեղարկելու մասին: 

Ապրիլի 25-ին Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը նշել էր, որ իր համար ընդունելի չէ ժողովրդի թեկնածու ընտրելու Փաշինյանի առաջարկած ձևը. վարչապետի պաշտոնակատարն առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am