Կարեն Կարապետյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կողմնակիցն է. ժողովրդի ընտրյալ լինելու այլ հայտանիշ չկա

Armenpress 12:17, 25 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ստեղծված իրավիճակում լուծումը տեսնում է երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության շրջանակում բոլոր քաղաքական ուժերի կողմից բանակցության սեղանի շուրջ նստելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցին ի պատասխան, թե արդյոք նա մտավախություն չունի, որ իրավիճակը կրկին կլարվի, Կարեն Կարապետյանն ասաց. «Ես մտավախություն ունեմ և լուծում էլ ունեմ: Ես առաջարկել եմ, որ բոլոր քաղաքական ուժերը նստեն ու բանակցեն Սահմանադրության ու խաղի կանոնների դաշտում ու մեկս մյուսին կամք չթելադրենք: Եվ մաքսիմալ անհրաժեշտ է վերադառնալ բնականոն կյանքին, մենք սրանից լավ բան չենք ունենա»: Նա քաղաքական գործընթացների շրջանակում առաջարկում է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: 

Կարեն Կարապետյանի խոսքով՝ ոչ թե ինքն է բացառում փողոցում վարչապետի ժողովրդական թեկնածուի ընտրությունը, այլ օրենքը: «Մենք ասել ենք, որ ժողովրդի ընտրյալը, ժողովրդի վստահության քվեն որոշվում է ընտրություններով: Եթե որոշակի զանգված մեկին վստահում է, ո՞ր հայտանիշով ենք ասում, որ նա ժողովրդի ընտրյալն է: Միակ հայտանիշն ընտրությունն է, այլ հայտանիշ չկա: Առաջարկում եմ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ,»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Կարեն Կարապետյանը նկատեց, որ փոփոխությունների կողմնակից քաղաքական ուժն Ազգային ժողովում հնարավորություն ունի իր թեկնածուին առաջադրելու այն Սահմանադրությամբ, որ այսօր գործում է: «Թող ներկայացնեն, թող չասեն մենք ժողովրդի ընտրյալն ենք, երբ ընտրությունը չի կատարվել»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանն արտասահմանյան լրատվամիջոցների մասնակցությամբ հրավիրված ասուլիսում նշել էր, որ ժողովրդի թեկնածուն կորոշվի Հանրապետության հրապարակում: Կհայտարարվի թեկնածուի անունը, հանրության արձագանքով կորոշվի, թե ով է ժողովրդի թեկնածուն:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտարարելով, որ ապրիլի 25-ից սկսում է խորհրդակցություններ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am