Բաշար Ասադը հյուրընկալել է սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին

Armenpress 20:33, 24 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և իր կինը Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ հյուրընկալել են սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Գանձասար» պաշտոնաթերթը, Ասադի հյուրընկալած պատվիրակությունը կազմված է եղել Հալեպի հայկական համայնքի, մասնավորապես Բերիո Հայոց թեմի մի շարք ներկայացուցիչներից՝ թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի գլխավորությամբ: Սիրիայի նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են նաև սիրիահայ մի շարք հայրենակցական միությունների ղեկավարներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ասադը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ պետք է հանդիպում ունենա Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ժամանակ խոսվել է սիրիական ճգնաժամի անցած տարիներին ու նաև հետագայում՝ Սիրիայի ամբողջական վերականգման ճանապարհին հայ համայնքի կարևոր դերի մասին:

«Հայրենասիրությունը լոկ խոսքերով չի արտահայտվում: Հայրենասիրություն նշանակում է պատկանելիության զգացողություն, հայրենի հողի պաշտպանություն:

Դա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրն ամենալավ ձևով պետք է իր ներդրումն ունենա այս ամենի մեջ՝ անկախ իր ազգային պատկանելիությունից», - ասել է Ասադը՝ շեշտելով, որ ներկայում իրենց առաջ կանգնած մարտահրավերները ոչ միայն պատերազմի ընթացքում երկրում քանդված ենթակառուցվածքների վերականգնումն է, այլ նաև սիրիական հասարակության ամբողջական վերականգնումը՝ իր ամբողջական բազմաշերտ ու գունեղ հյուսվածքով:

«Այս փուլում անհրաժեշտ է, որ սիրիական հասարակության բոլոր շերտերը համախմբվեն, որպեսզի հասարակության յուրաքանչյուր շերտ իր մեջ փակված չմնա, ընդհակառակը՝ զարգանանք համագործակցելով և զարգացնենք մեր երկիրը: Ես հավատում եմ, որ այս ամենի մեջ հայ համայնքի դերը մեծ է», - ասել է Սիրիայի առաջնորդը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am