Շիրակի մարզպետը Սերժ Սարգսյանի քայլը քաղաքական համարձակ քայլ է համարում

Armenpress 15:38, 24 Ապրիլ, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը բարձր գնահատական են տալիս Սերժ Սարգսյանի կատարած քայլին: «Ես կարծում եմ, այդ քայլն իր մեջ որոշակի քաղաքական համարձակություն է ենթադրում: Իհարկե, հասունության դրսևորում են հատկապես վերջին տողերը: Ընդհանրապես ընդունել սխալը և ետքայլ կատարելը խելամիտ դիրքորոշում է»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ևս կարևորեց Սերժ Սարգսյանի որոշումը: «Եթե Սերժ Սարգսյանն այլ քայլի գնար, անպայման արյունահեղություն էր լինելու: Մենք մարտի 1 ենք տեսել ու գիտենք, թե ինչ կարող էր տեղի ունենալ: Սա համազգային շարժում էր, և Սերժ Սարգսյանն իր մեջ ուժ գտավ ու կանխեց արյունահեղությունը: Սա ազնվության, սիրո ու համախմբման շարժում էր»,-հավելեց քաղաքապետը: Ընդհանուր առմամբ, խոսելով կատարվածի մասին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն անկեղծացավ, որ չէր սպասում դեպքերի նման հանգուցալուծման: «Ճիշտն ասած, չէի սպասում, բայց տեսանք ինչպիսի վերջաբան ունեցավ այն: Ուրախ եմ, որ նման լավ սերունդ է մեծանում: Իսկ Գյումրիում նման ուրախություն երկար ժամանակ չէր եղել»,-փաստեց Սամվել Բալասանյանը:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am