ԿԺԴՀ-ի հետ գագաթնաժողովը խաղաղության նոր դարաշրջան կբացի Կորեական թերակղզում. Սեուլ

Armenpress 18:01, 23 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների հանդիպումը, որը ծրագրված Է ապրիլի 27-ին, կարող Է նոր դարաշրջանի սկիզբ դառնալ երկու երկրների պատմության մեջ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված Է Հարավային Կորեայի ԱԳ նախարար Կան Գյոն Հվայի տեսաուղերձում, որը ապրիլի 23-ին հրապարակվել Է արտաքին քաղաքական գերատեսչության Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ցանկանում եմ՝ բոլորն իմանան, որ այս պահին կերտվում Է Կորեական թերակղզու նոր պատմությունը»,-ընդգծել Է Կան Գյոն Հվան: «Երկու երկրների ղեկավարները միջկորեական գագաթնաժողովում կհանդիպեն ապրիլի 27-ին: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Կիմ Չեն Ընին կողջունի Փհանմունջոմի հարավային կողմում: 70 տարվա ընթացքում առաջին անգամ Հյուսիսի գերագույն ղեկավարը կլինի Հարավային Կորեայում, եւ դա կլինի երկու կողմերի ղեկավարների պատմության մեջ երրորդ հանդիպումը»,-ընդգծել Է նախարարը:

«Դա կլինի հիրավի պատմական իրադարձություն, որը կարող Է վերջապես կայուն խաղաղություն բերել Կորեական թերակղզի եւ դրանով իսկ կատարել մեր ազգի նվիրական երազանքը»,-հավելել Է Կան Գյոն Հվանը: Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը ապրիլի 23-ին լրագրողներին հայտարարել Է, որ Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ գագաթնաժողովը կսկսվի ապրիլի 27-ի առավոտյան եւ պաշտոնական ընթրիք կներառի Փհանմունջոմ սահմանային կետի հարավկորեական կողմում: Նրա խոսքով՝ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք Է բերվել կորեական երկու պետությունների ներկայացուցիչների՝ ապրիլի 23-ին անցկացված աշխատանքային բանակցություններում: «Հարավն ու Հյուսիսն ընդհանուր առմամբ աշխատանքային մակարդակով երկխոսության երեք փուլ են անցկացրել ապրիլի 27-ի գագաթնաժողովի արձանագրության, անվտանգության եւ ԶԼՄ-ներում դրա լուսաբանման հարցերի շուրջ: «Այսօր ձեռք բերվեց վերջնական համաձայնություն»,-նշել Է նա:

Վարչակազմի ներկայացուցիչը նաեւ հայտնել Է, որ ԿԺԴՀ-ն համաձայնել Է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպման մի մասը հեռարձակվի հեռուստատեսային ուղիղ եթերով: Այդ նպատակով հարավկորեացի լրագրողները մուտքի հնարավորություն կստանան Փհանմունջոմի հյուսիսային մաս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am