Փաշինյանը, Միրզոյանը և Միքայելյանը հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից. ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել

Armenpress 12:33, 22 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, ոստիկանությունը իրականացրել է հավաքը ցրելու գործողություն՝ իրավիճակից բխող միջոցներով: Հավաքի կազմակերպիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է.

«Չնայած հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության բազմաթիվ կոչերին, Ն. Փաշինյանը շարունակել է ապօրինի երթը Արցախի փողոցում՝ կոչ անելով զանգվածային անհնազանդությունների: ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հավաքի դադարեցման որոշումն ընդունելուց հետո կազմակերպիչների բոլոր գործողություններն անօրինական են, իսկ հավաքի բոլոր մասնակիցները պարտավոր էին լքել հավաքի վայրը:

Ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, ոստիկանությունը իրականացրել է հավաքը ցրելու գործողություն՝ իրավիճակից բխող միջոցներով: Հավաքի կազմակերպիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից:

Հիշեցնում ենք, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով՝ հավաքից հեռացնելու դեպքում մասնակիցը պարտավոր է անհապաղ հեռանալ հավաքի վայրից։

Ոստիկանությունը հերթական անգամ դիմում է քաղաքացիներին՝ հավաքը դադարեցնելու մասին որոշումները ուժի մեջ են, ուստի քաղաքացիները պարտավոր են հեռու մնալ հավաքի վայրից, քանի որ միայն նման կերպով կարող է ոստիկանությունը ձեռնպահ մնալ պատասխանատվության և հարկադրանքի միջոցներ կիրառելուց»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am