Փաշինյանի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր և պայմանավորվելու ցանկություն չենթադրող. Կարեն Կարապետյանի հայտարարությունը

Armenpress 12:06, 22 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ապրիլի 22-ին Երևանում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը՝ արձանագրելով, որ Փաշինյանի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր և պայմանավորվելու ցանկություն չենթադրող: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մենք բոլորս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, հուսով էինք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում լուծումներ կգտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Ցավոք, կողմերից մեկը` պարոն Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու։ Այս իրավիճակում երկխոսությունը չէր կարող արդյունքներ տալ, քանի որ կողմերից մեկի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր, պայմանավորվելու ցանկություն չենթադրող։

Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ քաղաքացիներին, որպեսզի դրսեւորեն զգոնություն եւ սթափություն: Մեր գերնպատակը շարունակում է մնալ երկրի կայունությունը և դրա համար անհրաժեշտ լուծումների ապահովումը, երկրի բնականոն կյանքը չխաթարելը»,- ասվում է Կարեն Կարապետյանի հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am