1000х90.jpg (78 KB)

Էրեբունիում ոստիկանությունը ցրում է երթը. Փաշինյանը և Միքայելյանը հեռացվեցին տարածքից

Armenpress 12:02, 22 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրեբունի վարչական շրջանում ՀՀ ոստիկանությունը երթի տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Սասուն Միքայելյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունն անցավ ցույցը ցրելու գործողություններին:

Կիրառվեցին նաև հատուկ միջոցներ, որոնց կիրառման հնարավորության մասին զգուշացրել էր ոստիկանությունը, քանի որ հավաքները կրում էին անօրինական բնույթ:

Ոստիկանության՝ ապրիլի 22-ին տարածած հայտարարության մեջ ասվում է.

«2018թ. ապրիլի 19-ից սկսած Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպում է հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չի իրազեկել լիազոր մարմնին, հետևաբար, դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ չեն կայացվել: Անօրինական հավաքների, այդ թվում՝ երթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և նրա կողմից հրահանգվող անձինք պարբերաբար և կոպտորեն խախտում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ: Մասնավորապես, իրավասու մարմիններին պատշաճ կերպով տեղեկություններ չեն տրամադրել հավաքի վայրի, մասնակիցների սպասվող թվի, հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաների կամ տեխնիկական միջոցների, կարգադրիչների նախատեսվող թվի, իսկ երթի դեպքում՝ երթի ուղու և ժամանակացույցի վերաբերյալ, խոչընդոտել են հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը, հավաքի ընթացքում անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության պահանջի մասին չեն տեղեկացրել հավաքի մասնակիցներին: Ավելին, անօրինական հավաքների, ներառյալ՝ 22.04.2018թ. հավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շարունակում է կոչ անել հավաքի մասնակիցներին և այլ անձանց շրջափակել քաղաքի փողոցները, արգելափակել պետական մարմինների շենքերի մուտքերը, ներխուժել նշված, այդ թվում՝ հատուկ պահպանության ենթակա շենքերի տարածքներ, կազմալուծել դրանց աշխատանքը: Նշված կոչերի արդյունքում հավաքի կազմակերպիչները և մասնակիցները Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պարբերաբար և տևական ժամանակով փակում են մի շարք պողոտաներ և փողոցներ, տրանսպորտային այլ հանգույցներ, արգելափակում են պետական, տեղական ինքնակառվարման մարմինների և մասնավոր կազմակերպությունների շենքերի մուտքերը, խոչընդոտում դրանց բնականոն գործունեությանը, վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնում անօրինական հավաքին չմիացած բազմաթիվ անձանց նկատմամբ, բռնություն կիրառում ոստիկանության ծառայողների և այլ անձանց նկատմամբ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am