Էդմոն Մարուքյանը Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին խնդրում է տարբերակներ մտածել ու ևս մեկ անգամ հանդիպել

Armenpress 11:25, 22 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կարևոր ու պատմական է համարում վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը և կողմերին խնդրում է տարբերակներ մտածել և ևս մեկ անգամ հանդիպել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կողմերին հղած տեսաուղերձում Մարուքյանը շեշտում է, որ հարկավոր է ամեն ինչ անել անդառնալի հետևանքներից խուսափելու համար: Նշենք, որ «Ելք» խմբակցության մյուս ուժերը չեն սատարում Փաշինյանի հանրահավաքային պայքարին:  

«Ես նոր հետևում էի Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի պատմական հանդիպմանը: Ես կարծում եմ, որ մենք լուրջ ձեռքբերում ունենք, այդ հանդիպումը շատ կարևոր էր: Եվ ես մի խնդրանք ունեմ, որ պարոն Սարգսյանը, պարոն Փաշինյանը մեկ ժամ ևս հանգստանան, մտածեն, տարբերակներ մտածեն և նորից հանդիպեն, քննարկեն:

Շատ կարևոր էր ձեր հանդիպումը, ես կրկնում եմ` սա պատմական հանդիպում էր: Ես ձեզ խնդրում եմ պարոն Սարգսյան, պարոն Փաշինյան, իմ լավ ընկեր, ես ձեզ խնդրում եմ ևս մեկ անգամ հնարավորություն գտեք, խոսեք և տարբերակները քննարկեք: Ես երեկ էլ եմ կոչով հանդես եկել, և մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի խուսափենք անդառնալի հետևանքներից»,- ասաց Մարուքյանը:

Նա հավելեց, որ իրենք ճանապարհին են, մեկնում են Ստրասբուրգ, որտեղ մասնակցելու են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանին` շեշտելով, որ ակնհայտ է, որ Ստրասբուրգում թիվ մեկ թեման լինելու է Հայաստանում տիրող իրավիճակը: «Ակնհայտ է, որ իրավիճակը և դեպքերի զարգացումը շատ վատ է լինելու, եթե դուք կրկին չհանդիպեք: Ես կոչ եմ անում կրկին անգամ հանդիպել, և այդ հանդիպումը կարող է բազմաթիվ հարցեր լուծել»: Ես վստահ եմ, որ կա երրորդ ճանապարհ և կարելի է այդ ճանապարհի շուրջ խոսել: Այսինքն, երկու կողմերի մաքսիմալիստական մոտեցումները պետք է մի նիշ իջեցվեն ներքև, և երրորդ ճանապարհի շուրջ խոսվի: Ես շատ եմ ձեզ խնդրում»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը:

Ապրիլի 22-ին կայացավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն մի քանի րոպե տևեց, որից հետո ՀՀ վարչապետը լքեց սենյակը: Կողմերը պնդեցին իրենց մոտեցումները և չկարողացան ընդհանուր հայտարարի գալ: Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո իր կողմնակիցներին կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները` հայտարարելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am