1000х90.jpg (78 KB)

Քննիչի նկատմամբ կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժը

Armenpress 17:22, 20 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել՝ քննիչի կողմից իր վարույթում քննվող քրեական գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը խախտելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ԶՔԳՎ պետի  միջնորդության հիման վրա ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ 16.11.2017թ հարուցված քրեական գործով  ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել նախաքննության ժամկետը երկարացնելու մասին՝ նախաքննության ժամկետը լրանալուց 42 օր անց՝ 28.02.2018թ.: Նշված ժամանակահատվածում, առանց նախաքննության ժամկետը երկարացնելու, քննիչը քրեական գործով կատարել է մի շարք կարևոր դատավարական գործողություններ, որպիսի պայմաններում կատարված գործողությունների արդյունքները ճանաչվել են ապօրինի և անթույլատրելի:

Քննիչի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ մասի, ինչպես նաև՝ «Նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու որոշում կայացնելու աշխատանքների կազմակերպման միասնականության վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ ՔԿ նախագահի 17.11.2014թ թիվ 11-Ա հրամանի 8-րդ կետի պահանջները:

Նկատի ունենալով քննիչի կողմից կատարված խախտման բնույթն ու դրա հետևանքները՝ ՀՀ ՔԿ նախագահը միջնորդություն է ներկայացրել կարգապահական հանձնաժողովին՝ քննիչի նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կիրառելու նպատակահարմարության հարցը քննարկելու համար։ ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը հիմնավորված է համարել խախտման փաստը և քննիչի մեղավորությունը։

Հիմք ընդունելով ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը՝ քննիչի նկատմամբ կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժը և ՀՀ ՔԿ նախագահի հրամանով ազատվել աշխատանքից, իսկ  վերադասի՝ չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալի նկատմամբ կիրառվել է «զգուշացում» կարգապահական տույժը՝ ՀՀ քրեական դատավարության 193-րդ հոդվածով սահմանված իր լիազորությունները պատշաճ կարգով չիրականացնելու համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am