Հայկական արտադրության առաջին «Գրաբուսը»  կտրամադրվի  Շիրակի մարզային գրադարանին

Armenpress 15:56, 20 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանում Չինաստանի դեսպանության  դրամաշնորհով շարժական  գրադարանային կենտրոն՝ «Գրաբուս» («Բիբլիոբուս») ձեռք կբերի  (Չինաստանի դեսպանությունը կտրամադրի 60 հազար դոլար, իսկ «Ա.Ա Թրաքս» ընկերությունը` 30 հազար դոլար):  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 20-ին Հայաստանի Ազգային գրադարանում այդ մասին համաձայնագիր է ստորագրվել:

«Հայաստանում Չինաստանի դեսպանությունը՝ ի դեմս մեր հրաշալի բարեկամ դեսպան Թյան Էռլունի, արդեն երրորդ անգամ է օժանդակում ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնություններին: Նրանց աջակցությամբ պետական մի շարք թանգարաններում մենք ներդրեցինք «Աուդիովիզուալ գիդ» հավելվածը, կարողացանք ձեռք բերել շարժական կինոթատրոններ և ավելի քան  200 կինոցուցադրություն իրականացնել Հանրապետության ամբողջ տարածքում: Այս ծրագիրը ևս շարունակական բնույթ է կրում: Իմ երախտագիտությունն եմ հայտնում նաև հայկական արտադրության այս հրաշալի «Գրաբուսի» համար, որը կտրամադրվի Շիրակի մարզային գրադարանին և համապատասխան ժամանակացույցով կաշխատի  մարզի բոլոր քաղաքներում ու համայնքներում»,- համաձայնագրի ստորագրմանը հաջորդած իր խոսքում նշել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը:

«Մշակութային կապերի զարգացման ու ամրապնդման գործում Հայաստանի մշակույթի նախարարությունը մեր լավագույն գործընկերն է: Մեզ հիացնում է նախարարության  նախաձեռնողականությունը,  օգտակար,  անհրաժեշտ լուծումներ գտնելու հմտությունը: Այս ամենն, իհարկե, բխում է բոլորիս շահերից, և ուրախ ենք այդ նախաձեռնություններին բերելու մեր համեստ օժանդակությունը»,- արձագանքել է Հայաստանում Չինաստանի դեսպանը:

 «Ա.Ա. Թրաքս» ընկերության տնօրեն  Արմեն Գագիկյանի տեղեկացմամբ`  «Գրաբուսը» պատրաստ կլինի շուրջ երկու ամսից: Այն կծառայի ոչ միայն որպես շարժական գրադարան, այլև որպես բազմաֆունկցիոնալ մշակութային համալիր: «Մշակույթի նախարարության առաջարկը ստանալուց հետո մենք ուսումնասիրեցինք ամբողջ աշխարհում կիրառվող նույնանման «Բիբլիոբուսների» փորձը: Դրանք հիմնականում աշխատում են գրադարանի կամ գրախանութի ձևաչափով, բայց  մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով և ստեղծել բազմաֆունկցիոնալ մշակութային համալիր շարժական բեմով, կինոթատրոնով, ձայնային ակուստիկ համակարգով, գրապահարաններով, WI-FI ցրիչով և այլ անհրաժեշտ պարագաներով»:

«Ա.Ա. Թրաքս» մայր ընկերությունը 1970 թվականին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հիմնադրել է ամերիկահայ գործարար Վահե Նիկողոսի Կարապետյանը: Մեկ տարի առաջ ընկերության մասնաճյուղ է բացվել Երևանում: Նախկին «Ռոբոտների գործարանի» տարածքում ընկերությունն արտադրում է բազմաֆունկցիոնալ բեռնատար մեքենաներ՝ ԿԱՄԱԶ-ի հենքի վրա: Գործարանի հայաստանյան մասնաճյուղի համահիմնադիրը Վահե Կարենի Կարապետյանն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am