Վերջին մեկ տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունեցել է շուրջ 100 հազար այցելություն

Armenpress 15:47, 20 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերջին մեկ տարվա գործունեությունը բավականին արդյունավետ է եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Վարդանյանը:

«Մեզ հաջողվել է կազմակերպել ինչպես Հայաստանում, այնպես էլ  աշխարհի տարբեր վայրերում շուրջ մեկ տասնյակ ժամանակավոր ցուցադրություններ, որոնք նվիրված են Մեծ Եղեռնի ամենատարբեր ասպեկտների լուսաբանմանը: Նախորդ տարի կազմակերպեցինք Ավրորա Մարտիգանյանի կյանքին եւ գործունեությանը նվիրված ցուցադրություն, տասնյակ հազարավոր այցելություններ ունեցանք: Ցուցադրությունը կարեւոր էր այն առումով, որ «Ավրորա» միջազգային մրցանակաբաշխության բոլոր հյուրերը գալիս էին այստեղ եւ հենց թանգարանում էին ծանոթանում այդ մարդու  կյանքին»,-նշեց Գեւորգ Վարդանյանը:

Նրա խոսքով՝ թանգարան-ինստիտուտի աշխատանքներն ընթացել են բնականոն հունով, այն ունեցել է  մեծ թվով այցելություններ՝ մոտ 100 հազար մարդ:

«Կազմակերպել ենք  տարբեր լեզուներով էքսկուրսիաներ: Կցանկանայի հատուկ նշել թուրք այցելուների մասին, որոնց թիվն աճելու միտում ունի: Ընդունել ենք նաեւ 9-10 հազար դպրոցական երեխաների Հայաստանից եւ Սփյուռքից:  Եվ, իհարկե, ընդունել ենք մեծ թվով՝  ավելի քան 70 պաշտոնական պատվիրակություն, որոնցից կցանկանայի առանձնացնել Տաջիկստանի, Բուլղարիայի, Լիբանանի եւ Մոլդովայի նախագահների այցելությունները:  Դեկտեմբեր-հունվար ամիսներին համագործակցություն ենք ունեցել Պաշտպանության նախարարության հետ՝  ամեն առավոտ այստեղ ընդունելով 100-200 նորակոչիկների: Սա բավականին հետաքրքիր նախաձեռնություն էր»,-նշեց թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ հավելելով, որ ինստիտուտի գիտաշխատողները հանդես են եկել շուրջ 3 տասնյակ հրապարակումներով, որոնցից շատերը տեղ են գտել արտասահմանյան կարեւոր ժողովածուներում:

Նա տեղեկացրեց, որ տարին արդյունավետ էր նաեւ մի շարք կարեւոր նյութեր ձեռք բերելու առումով: Թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել շուրջ 3800  սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող գրականություն, փաստաթղթեր, լուսանկարներ, բացառիկ նյութեր:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am