Հայաստանում երկրի ղեկավարի նկարը պետական հիմնարկներում կախելու պարտադրանք երբեք չի եղել. Սերժ Սարգսյան

Armenpress 23:18, 19 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում երբևէ չի եղել և չի կարող լինել երկրի ղեկավարի նկարը դպրոցներում, պետական հիմնարկներում կախելու պարտադրանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

«Որևէ իրավական ակտով այդ նորմերը սահմանված չեն, որևէ պարտադրանք չի եղել: Բայց դա արդյոք միայն վերջին տասը տարիներին է եղել: Որքանով ես եմ հիշում, իսկ ես աշխատել եմ պետական կառավարման տարբեր համակարգերում, նախագահների նկարներն, այո, իմ առանձնասենյակումներում կային: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, դա պետական խորհրդանիշ է:

Ես դրա կողմնակիցը չեմ, եթե լինեի, իրավական ակտ կընդունեի՝ ասելով, թե գիտեք, օրենքով այսպես է: Սակայն որևէ պարտադրանք այս առումով չկա»,- ընդգծել է վարչապետը:

Լրագրողի հարցին, թե արդյոք որևէ դպրոցի տնօրեն չի պատժվի, եթե հանի իր կամ նախագահ Արմեն Սարգսյանի նկարը՝ Սերժ Սարգսյանը հերքեց դրա հնարավորությունը: «Իսկ ինչի՞ համար պետք է պատժվի: Կարծում եմ, որ դպրոցի տնօրենը կարող է նաև Հայաստանի Հանրապետության զինանշանը չտեղադրել, Հայաստանի Հանրապետության դրոշը չունենալ դպրոցում: Բայց ի վերջո նա ի՞նչ սերունդ է մեծացնում, դաստիարակում: Ի վերջո այդ սերունդը պե՞տք է ճանաչի պետական խորհրդանիշները: Դրանց շարքում նաև նախագահի նկարն է դրվել: Արդյոք դա այդքան գրգիչ հանգամանք է»,- նշել է Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ Արևմուտքի շատ երկրներում է տեսել կախված պետության գլխի նկարներ: «Դա ավանդույթի ուժով է եկել, ոչ թե պարտադրանքով: Ինձ ինչո՞ւ պետք է դուր գա, եթե մտնեմ մի սենյակ և տեսնեմ իմ նկարը կախված այնտեղ: Ի՞նչ հաճույք կա դրա մեջ՝ հատկապես, եթե դա մարդկանց գրգռում է: Իմ նպատա՞կն է, որ մարդիկ գրգռվեն»,- հարցադրում է արել վարչապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am