Արցախում վերականգնվում են  բազմաթիվ պատմամշակութային կոթողներ

Armenpress 21:45, 18 Ապրիլ, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ԱՊՐԻԼԻ 18, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչությունում ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը,  տեղի է ունեցել ոլորտում ներդրում ունեցած մարդկանց պարգևատրում, որին հաջորդել է միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստը:

Նախարարությունը մի շարք անհատների և կազմակերպությունների պարգևատրել է Հադրութի շրջանի Տող գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու, Շուշի քաղաքի Վերին մզկիթի, Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղի գերեզմանատան, Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու տարածքի, Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի պատմական հատվածի մի քանի շենքերի և դրանց հարակից տարածքների ուսումնասիրման և բարեկարգման աշխատանքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար:

Միջոցառմանը ներկա ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը կարևորել է ոլորտի պատասխանատուների աշխատանքը՝ ընդգծելով, որ պատմամշակութային հուշարձանների պահպանության, ուսումնասիրման, օգտագործման և վերականգնման բնագավառը պատմության ու մշակույթի կարևորագույն ոլորտներից է:

Նրա խոսքով՝ հուշարձանների պահպանումը կարևոր առաքելություն է, որին պետք է պատասխանատվությամբ մոտենա յուրաքանչյուրը:

Իսկ միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, ուսումնասիրման և օգտագործման բաժնի պետ Սլավա Սարգսյանն ասել է, որ ամեն տարի այս օրը, համաձայն գործող կարգի, ներկայացվում են նախորդ տարում իրականացված պեղումների արդյունքները:

Նրա խոսքով՝ Արցախում պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման և վերականգնման ծրագրերը մշակվում և իրականացվում են շարունակաբար:

Նիստին ներկայացվել են Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի Սբ Ստեփանոս եկեղեցու տարածքի և մերձակայքի պեղման և ուսումնասիրման աշխատանքները, Քարվաճառի շրջանի Դադիվանք վանական համալիրի գմբեթավոր փոքր եկեղեցու տարածքում հնագիտական պեղումների իրականացման աշխատանքները,  Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի տարածքում գտնվող «Քարին տակ» (Ալեքսանա Ղուզե) քարանձավի պեղման և ուսումնասիրման աշխատանքները, Շուշի քաղաքի Վերին մզկիթի շրջակայքի, ինչպես նաև Սբ Ամենափրկիչ «Մեղրեցոց» եկեղեցու տարածքի պեղման աշխատանքները, Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղի գերեզմանատան պեղման-մաքրման աշխատանքները, Տող գյուղի Սբ Հովհաննես եկեղեցու տապանաբակի պեղման աշխատանքները և Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի տարածքում գտնվող «Միրիկ» կիկլոպյան ամրոցի պեղման և ուսումնասիրման աշխատանքները:

 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am