Բրազիլիայի դեսպանը հայաստանյան ՏՏ արտադրանքի արտահանման ներուժ է տեսնում դեպի իր երկիր

Armenpress 16:33, 18 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արտադրանքը կարող է գրավիչ լինել բրազիլական շուկայում: Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը՝ ընդգծելով, որ ոլորտը Հայաստանի դինամիկ զարգացող ճյուղերից է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առիթը հայ-բրազիլական գործարար համաժողովն էր, որը Հայաստան էր բերել 6-7 ոլորտների ընկերությունների հայ գործընկերների հետ կապեր հաստատելու նպատակով:

«Մենք վստահ ենք, որ Հայաստանն ունի հնարավորություններ, որոնք պետք է խթանել: Մենք բրազիլականներին զուգահեռ պետք է խրախուսենք նաև հայկական բիզնեսների զարգացումը: Համոզում կա, որ Հայաստանի ապագան նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն է: Կան երիտասարդներ Հայաստանում, որոնք ոգևորված են այս ոլորտով ու կան ուղեղներ, որոնք կարող են դրանով զբաղվել: Եվ մենք մտածում ենք այս ոլորտի զարգացման ուղղությամբ, որ ոչ միայն բրազիլական բիզնեսը զարգանա, նաև հայկականը»,-ընդգծեց Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը: Երկկողմ կապերի ամրապնդման համար դեսպանը կարևորեց գործարարների փոխադարձ այցերը, այդ թվում՝ Բրազիլիայի հայ համայնքի:

Նրա համոզմամբ՝ այս հանդիպումը կդառնա երկկողմ առևտրային կապերը խորացնելու հարթակ: «Ուզում եմ նաև շեշտել, որ այսօր առևտուրը ոչ թե երկկողմ, այլ բազմակողմ գործընթաց է, որից կարող են օգտվել ոչ միայն Հայաստանն ու Բրազիլիան, այլև տարածաշրջանի այլ երկրներ»,-ասաց Բրազիլիայի դեսպանը: Այս համատեքստում նա կարևորեց Հայաստանի դերը Եվրասիական տնտեսական միության, Իրանի և Վրաստանի շուկաներ մուտքի առումով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am