Ժամկետային զինծառայող Ռուսլան Մանուկյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Armenpress 13:10, 18 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Մանուկյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 17-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի բեկորային վնասվածքներ:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ զինծառայողի մահվան դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am