Ոստիկանությունը պետական կառույցների բնականոն գործունեությունն ապահովելու համար ձեռնարկելու է իրավիճակից թելադրվող բոլոր միջոցները

Armenpress 17:31, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների կողմից պետական մարմինների, այդ թվում՝ առանձին նախարարությունների, գործադիր իշխանության և իրավապահ մարմինների, ինչպես նաև դատարանների շենքեր մտնելու և գործունեությունը կաթվածահար անելու նախաձեռնության որոշ դրսևորումներ քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ են պարունակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանությունը հավաստիացնում է, որ ձեռնարկելու է իրավիճակից թելադրվող և իրավաչափ բոլոր միջոցները՝ պետական կառույցների բնականոն գործունեությունն ապահովելու և դրանցում իրենց պարտականությունները կատարող անձանց իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելու համար:

Ներկայացնում ենք ոստիկանության հայտարարությունն ամբողությամբ:

«2018 թ. ապրիլի 17-ի վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հավաքի մասնակիցներին՝ շրջափակել կառավարական շենքերը, պետական մարմինները և այլ գերատեսչությունները և այդ եղանակով խափանել դրանց բնականոն գործունեությունն ու կազմալուծել աշխատանքը:

Կեսօրից հետո հավաքի ոչ մեծաթիվ մասնակիցները, առաջնորդվելով Նիկոլ Փաշինյանի կոչերով, շարժվել են դեպի Հանրապետության հրապարակի շրջակայքում տեղակայված շինությունները և նրա ուղղակի ու անմիջական ցուցումներով փոքր խմբերով սկսել են արգելափակել պետական մարմինների, այդ թվում՝ առանձին նախարարությունների, գործադիր իշխանության և իրավապահ մարմինների, ինչպես նաև դատարանների շենքերի մուտքերը:

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հորդորել է հավաքի մասնակիցներին՝ առաջին իսկ հնարավորության դեպքում մտնել արգելափակված շենքեր և կաթվածահար անել այնտեղ տեղակայված և իրենց լիազորություններն իրականացնող մարմինների գործունեությունը: ՀՀ ոստիկանությունն արձանագրում է, որ վերոնշյալ գործողությունները դուրս են Սահմանադրությամբ և օրենքով երաշխավորված խաղաղ հավաքներ կազմակերպելու և դրանց մասնակցելու իրավունքի բովանդակությունից: Ավելին, դրանց որոշ դրսևորումներ առերևույթ համընկնում են քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշների հետ: ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում, հատկապես, երբ առկա է հավաքը դադարեցնելու մասին իրազեկված որոշում, առկա են Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված իրավաչափ հիմքերը ոչ միայն հավաքը ցրելու, այլ շարունակվող հանցավոր գործողությունները կասեցնելու և խափանելու համար:

Միաժամանակ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարբեր մարզերում և քաղաքներում իրականացվող լայնամասշտաբ գործողությունների, հեղափոխական իրավիճակի, լարվածության կամ անկայունության վերաբերյալ տարածվող լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են և որևէ աղերս չունեն իրականության հետ, ուստի կոչ է անում հավաքի մասնակիցներին և ԶԼՄ-ներին՝ ձեռնպահ մնալ նման և այլ սադրիչ վարքագիծ դրսևորելուց:

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ ձեռնարկելու է իրավիճակից թելադրվող և իրավաչափ բոլոր միջոցները՝ պետական կառույցների բնականոն գործունեությունն ապահովելու և դրանցում իրենց պարտականությունները կատարող անձանց իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելու համար»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am