Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները Գլխավոր դատախազության մուտքի դիմաց են, նրանք փակում են փողոցներ

Armenpress 13:16, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը Գլխավոր դատախազության մոտ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցուցարարները Ֆրանսիայի հրապարակից Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղից էլ Վազգեն Սարգսյան փողոց, ուր տեղակայված են Գլխավոր դատախազության ու մի քանի նախարարությունների շենքերը: Դատախազության մոտ հավաքի մասնակիցներն իջեցրին ավտոմեքենաների անվանդողերը:

Ընդհանուր երթից որոշ քաղաքացիներ շեղվեցին ու վազեցին տարբեր ուղղություններով, նստարաններ ու աղբամաններ տեղափոխեցին փողոցների երթևեկելի հատվածներ: Այս պահին նրանք փակում են Խորենացի փողոցը: Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարեց, որ պետք է գործողություններ կատարեն կառավարական շենքերի բնականոն աշխատանքը կաթվածահար անելու ուղղությամբ:

Հավաքի մասնակիցներից մի քանիսն էլ ԱԳ, ԿԳ, Սփյուռքի նախարարությունների շենքերի մոտ էր հավաքվել: Երթի մասնակիցները շարժվել են նաև դեպի ՊԵԿ, ցանկանում են ներս մտնել՝ այնտեղ նստացույց անցկացնելու համար:

Ինչպես արդեն ավելի վաղ հայտարարվել է, ՀՀ ոստիկանությունը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով 16.04.2018թ. որոշում է կայացրել ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքը դադարեցնելու մասին: Օրենքի պահանջով այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցների կողմից Նիկոլ Փաշինյանը տեղեկացվել է հիշյալ որոշման մասին: «Հավաքի կազմակերպիչը անտեսել է նշված որոշման պահանջները, չի կատարել օրենքով հավաքի կազմակերպչի իր պարտականությունները, այլ կրկին կոչ է արել շարունակել հավաքը, իրականացնել այլոց իրավունքների ու ազատությունների իրացմանը խոչընդոտող, հասարակական կարգը խախտող գործողություններ: «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը նման իրավիճակում ոստիկանությանը լիազորում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը: ՀՀ ոստիկանությունը պատրաստ է իրականացնելու իր պարտականությունը, որը կարող է կատարվել ցանկացած անհրաժեշտ պահի, որով պայմանավորված՝ կոչ ենք անում հավաքի մասնակիցներին զերծ մնալ անօրինական գործողություններից՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար»,-նշել են ոստիկանությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am