Մեկնարկեց ԱԺ հատուկ նիստը. օրակարգում ՀՀ վարչապետի ընտրության հարցն է. ՈՒՂԻՂ

Armenpress 12:00, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություններն ապրիլի 16-ի համատեղ նիստում միաձայն որոշել են ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ապրիլի 14-ին ՀՀԿ խորհուրդը ևս միաձայն հավանություն էր տվել կուսակցության գործադիր մարմնի առաջարկին՝ վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Խորհրդարանը վարչապետին կընտրի ձայների պարզ մեծամասնությամբ:

Ապրիլի 9-ից Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական համակարգին: Նույն օրը երդվել ու պաշտոնը ստանձնել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը: Հայաստանը նոր կառավարման համակարգում վարչապետի՝ ԱԺ նիստում՝ բաց քվեարկությամբ ընտրելուց հետո նոր կառավարություն կունենա 20-օրյա ժամկետում. հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին են ներկայացվելու կառավարության անդամների թեկնածուները: Դրանից հետո 15-օրյա ժամկետում պետք է կառավարության 2/3-ը նշանակված լինի: Երբ նախագահի կողմից կառավարության 2/3-ը նշանակված լինի, կազդարարվի նոր կառավարության ձևավորումը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am